Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավելի քան 20 մլրդ եվրոյի ռազմական օգնություն Ուկրաինային. ԵՄ-ն ծրագրում է ստեղծել նոր հիմնադրամ. WSJ

Ավելի քան 20 մլրդ եվրոյի ռազմական օգնություն Ուկրաինային. ԵՄ-ն ծրագրում է ստեղծել նոր հիմնադրամ. WSJ
Աշխարհ
12:52, 22 январь 2024
Ավելի քան 20 մլրդ եվրոյի ռազմական օգնություն Ուկրաինային. ԵՄ-ն ծրագրում է ստեղծել նոր հիմնադրամ. WSJ
Եվրամիության պաշտոնյաներն այս շաբաթ կսկսեն քննարկել նոր ծրագիր, որը թույլ կտա ապաարգելափակել Ուկրաինային ռազմական օգնությունը, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հունվարի 19-ին ներկայացված ծրագրի նախագծին: Մշակված ծրագրի մասին առաջինը հայտնել էր Bloomberg գործակալությունը:

Նախաձեռնությունը ենթադրում է, որ կստեղծվի հատուկ հիմնադրամ, որտեղ կուղղվի 6,5 միլիարդ եվրո Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ինչպես նաև 2024-2027 թվականներին տարեկան կփոխանցվի 5 միլիարդ եվրո։

Եթե ԵՄ-ն հավանություն տա նոր ծրագրին, անդամ երկրները կկարողանան ԵՄ  հիմնադրամներից ավելի քան 20 միլիարդ եվրո վերադարձնել իրենց բյուջե՝ «տասնյակ միլիարդավոր եվրոյի» ռազմական օգնության դիմաց, որը նրանք կտրամադրեն Ուկրաինային հաջորդ չորս տարիներին, գրում է WSJ-ը։ 

Ծրագրի նախագիծը ենթադրում է, որ ԵՄ երկրները արդեն 2024 թվականին կկարողանան 7,5 միլիարդ եվրոյի չափով փոխհատուցում ստանալ ռազմական օգնության համար։

«Հաշվի առնելով Ուկրաինայի կախվածությունը արտաքին աջակցությունից՝ ընտրությունը, որ կկատարեն ԵՄ երկրները և գործընկերները առաջիկա ժամանակաշրջանում, թույլ կտա Ուկրաինային կամ վճռականորեն առաջ շարժվել, կամ լրջորեն կխաթարի նրա դիմադրության կարողությունը»,- ասվում է ծրագրի նախագծում, որը մեջբերում է WSJ-ն:

Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն առաջարկը փետրվարի 1-ին նախատեսված գագաթնաժողովում: 
Նշենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինան մտահոգվելու կարիք չունի: «ԵՄ օգնությունը Ուկրաինային կշարունակվի և կլինի ավելի ուժեղ, քան երբևէ»,- ասել է նա: