Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել Կիևը, Լվովը, Խարկովը, Զապորոժիեն

Զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել Կիևը, Լվովը, Խարկովը, Զապորոժիեն
Աշխարհ
11:25, 10 октябрь 2022
Կիևում առավոտյան հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, ևս 12-ը վիրավորվել են, հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Հաղորդվում է, որ հրթիռներից մեկն ընկել է Կիևի կենտրոնում գտնվող Տարաս Շևչենկոյի անվան զբոսայգու մանկական հրապարակ։
Կիևի գնդակոծության հետևանքով վնասվել են Ֆիլհարմոնիայի շենքը, Բոգդան և Վարվարա Խանենկոյի անվան թանգարանը, ինչպես նաև Շևչենկոյի թանգարանը, հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։

Ինչպես հաղորդում է BBC-ն, զանգվածային հրթիռակոծության են ենթարկվել նաև Լվովը, Զապորոժիեն, Դնեպրը, Տերնոպոլը և Խարկովը:

Հարվածներ են գրանցվել Լվովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա, այս մասին Telegram-ում հայտնում է Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հաղորդել է, որ հրետակոծության պատճառով փակվել են դպրոցները, և այսօր դասերը կանցկացվեն հեռավար՝ մինչև օդային տագնապի չեղարկումը։ 

Զապորոժիե քաղաքի կենտրոնում հրթիռակոծության հետևանքով փլուզվել է բազմահարկ բնակելի շենք: Քաղաքում տրանսպորտի երթևեկությունը մասամբ սահմանափակվել է: