Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պատրանքներ չունենաք. Վրաստանում հեղափոխություն անելու փորձին կտրվի համարժեք պատասխան». Ղարիբաշվիլիի արձագանքը ընդդիմության մեղադրանքներին

«Պատրանքներ չունենաք. Վրաստանում հեղափոխություն անելու փորձին կտրվի համարժեք պատասխան». Ղարիբաշվիլիի արձագանքը ընդդիմության մեղադրանքներին
Տարածաշրջան
16:42, 18 ноябрь 2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է եվրաինտեգրման գործընթացում ազգային շահերը դավաճանելու և երկիրը Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու փորձի մեջ: Նա նաև հերքել է այն պնդումները, թե իշխող կուսակցությունը Մոսկվայի հետ մերձեցման կուրս է որդեգրել:

«Ընդդիմության ապակառուցողական գործողությունները վերջին 10 տարիների ընթացքում սեփական ժողովրդի դեմ հոգեբանական տեռորի և տեղեկատվական պատերազմի դասական օրինակ են»,- այսօր խորհրդարանում հայտարարել է Ղարիբաշվիլին։

 Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը չստանա Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

 «Եվրահանձնաժողովի կողմից մեզ առաջարկվել է կատարել 12 հանձնարարական (ԵՄ անդամակցության թեկնածուի) կարգավիճակ ստանալու համար, և իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է խորհրդարանում աշխատել այս ուղղությամբ, սակայն ընդդիմությունը բացահայտ սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը՝ հրաժարվելով կոնկրետ հարցերի քննարկմանը մասնակցությունից»,- ասել է Ղարիբաշվիլին։

 Նա կեղծ է անվանել ընդդիմության պնդումները, թե իշխող կուսակցությունը փոխել է արտաքին քաղաքականության վեկտորը եվրաինտեգրումից դեպի Ռուսաստանի հետ մերձեցում։

«Ոչ մի այդպիսի բան տեղի չի ունենում, բայց ուզում եմ հիշեցնել, որ 2008-ի պատերազմից անմիջապես հետո այսօրվա ընդդիմադիրները, այն ժամանակ լինելով իշխանություն, Վրաստանի բոլոր ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսական պետական կառույցներին:

Պատերազմից անմիջապես հետո այն ժամանակվա նախագահ Սաակաշվիլին միակողմանիորեն չեղարկեց վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար: Այսօր այս ընդդիմությունը մեզ մեղադրում է ռուսական շահերին հետևելու մեջ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա պնդել է, որ ընդդիմության նպատակն է ցանկացած միջոցով իշխանության գալ։ «Ընտրությունների միջոցով դա անել նրանք չեն կարող, քանի որ ընտրողների ճնշող մեծամասնությունն իրենց չի աջակցում, ուստի փորձում են երկրում առաջացնել ապակայունացում և քաոս: Թող ոչ ոք պատրանք չունենա. բոլոր նրանց, ովքեր փորձում են հեղափոխություն կազմակերպել մեզ մոտ, կտրվի համապատասխան պատասխան»,- ասել է Ղարիբաշվիլին։