Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետի հայտնվելուց հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են իրենց «բողոքի ակցիան» Լաչինի միջանցքում

Հակարիի կամրջի վրա ապօրինի անցակետի հայտնվելուց հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են  իրենց «բողոքի ակցիան» Լաչինի միջանցքում
Տարածաշրջան
17:17, 28 апрель 2023
Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին կազմակերպված  «բնապահպանական ակցիայի», որը շարունակվում է արդեն 138 օր, մի խումբ մասնակիցներ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից հրավիրվել են հերթական հանդիպման։

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել այսօր կեսօրին Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչության վարչական շենքում, մասնակցել են տասը ադրբեջանցի «էկոակտիվիստներ»։

Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը «էկոակտիվիստներին» ասել է, որ ապրիլի 23-ից հետո, երբ պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբում, սկզբունքորեն նոր իրավիճակ է. առաջացել: Հետևաբար ակցիայի մասնակիցներին խնդրել են դադարեցնել դրա անցկացումը։

«Էկոակտիվիստները» Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ իրենց «բողոքի ակցիայի» վերջնանպատակին իրենք դեռ չեն հասել, և իրենց պահանջը, այն է՝ դադարեցնել բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը ռուս խաղաղապահների ժամանակավոր հսկողության տակ գտնվող «ադրբեջանական տարածքներում» և պայմաններ ստեղծել Ադրբեջանի համապատասխան պետական կառույցների կողմից մոնիտորինգի համար, խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը այդպես էլ չի կատարել:

«Էկոակտիվիստները» հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք հայտարարում ենք, որ եթե խաղաղապահ զորախմբի հրամանատարությանն ուղղված՝ Ադրբեջանի տարածքներում օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործումը դադարեցնելու և մոնիտորինգի համար պայմաններ ապահովելու մեր պահանջները չբավարարվեն, մենք իրավունք կունենանք վերսկսելու ակցիան»։