Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեզ համար իսկապես թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները». ՌԴ վարչապետը՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին

«Մեզ համար իսկապես թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները». ՌԴ վարչապետը՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին
Տարածաշրջան
17:13, 07 июнь 2023
Ռուսաստանի և Հայաստանի բարեհաջող աշխատանքը տեսանելի է փոխադարձ առևտրում, որը հունվար-ապրիլին աճել է 96 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Միշուստինը ողջունել է իր հայ գործընկերոջը և Ռուսաստանի նախագահի կողմից նրան փոխանցել լավագույն բարեմաղթանքներ ու ողջույններ, ինչպես նաև բարի և անկեղծ բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

«Ռուսաստանի համար իսկապես թանկ են Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ: Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը ակտիվորեն զարգանում է, չնայած անօրինական տնտեսական պատժամիջոցներին, որ ընդունել են մի շարք ոչ բարեկամ պետություններ»,- հավելել է Միշուստինը:

«Մենք շահագրգռված ենք նոր համատեղ նախագծերի մեկնարկով էներգետիկայի, հանքարդյունաբերության, թվայնացման և ագրոարդյունաբերության ոլորտներում: Ռուսական ընկերությունները պատրաստ են առաջարկել լուծումներ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման, խելացի և անվտանգ քաղաքների և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում»,- ասել է Միշուստինը:

Բացի դրանից, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն, համակարգված աշխատանք է տարվում Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ուղղությամբ։ Նոր երթուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից, ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Ռուսաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցությանը. ՌԴ շուրջ 70 սուբյեկտներ ուղիղ կապեր են հաստատել Հայաստանի մարզերի հետ։ Անցած տարի Հայաստան է այցելել 24 բիզնես առաքելություն Ռուսաստանի տարածաշրջաններից, հավելել է ՌԴ վարչապետը։