Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԷՑ-ը սպառնում է դադարեցնել էլեկտրամոբիլների լիցքավորմամբ զբաղվողների էլեկտրամատակարարումը․ «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը նոր մոնոպոլիա է փորձում ստեղծել․ գործին միջամտել է ՀԾԿՀ-ն

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն հոկտեմբերի 4-ին նամակներ է ուղարկել էլեկտրամոբիլների լիցքավորմամբ զբաղվող կայանների սեփականատերերին՝ պահանջելով 3 օրվա ընթացքում դադարեցնել կայանների գործունեությունը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր կողմից կդադարեցվի այն տնտեսվարողներին մատակարարվող էլեկտրաէներգիան, որոնց տարածքներում գործում են էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ։

«Էկոքարս» ընկերությունը, որը զբաղվում է նման ծառայություններ մատուցելով, ևս  միջնորդավորված կերպով նման նամակ ստացել է։

Ընկերության  տնօրեն Անահիտ Գալստյանն ասաց, որ նամակները ստացել են գործընկերները, որոնց տարածքներում տեղադրված են իրենց լիցքավորող սարքերը։ ՀԷՑ-ից սպառնացել են, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կդադարեցնեն, եթե ընկերությունները չդառնան բաժանորդ կամ ենթաբաժանորդ։

«Էկոքարս» ՍՊԸ համահիմնադիր Հայկ Հարությունյանը դժվարացավ ներկայացնել, թե իրավական ինչ հիմնավորումներով է ՀԷՑ-ը նման քայլի գնացել։

Անահիտ Գալստյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է միջամտել, գործընթացը կասեցվել է, կայանները կրկին միացվել են։

Թե ինչու է ՀԷՑ-ը որոշել 3 տարի անց պահանջներ ներկայացնել տնտեսվարողներին՝ վերջիններս ունեն իրենց ենթադրությունները, սակայն չցանկացան բարձրաձայնել։

ՀԷՑ-ի պահանջները իրականացնելը, ըստ «Էկոքարս» ընկերության տնօրենի, լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն կավելացնի իրենց վրա։

Հայկ Հարությունյանը դժվարացավ ասել, թե ՀԷՑ-ի պահանջները բավարարելու դեպքում  ֆինանսական ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածություն կարող է ավելանալ իրենց վրա։

«Թիմ էներջի» ընկերությունից մեզ ասացին, որ այս պահին ծառայությունը գործում է։ Նամակ ստանալու մասին տեղեկություններ չկարողացան հայտնել։

«Էկոքարս» ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանը ևս նշեց, որ իրավիճակին միջամտել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից․ նշեց, որ Սեդա Շահինյանն է զբաղվել խնդրով։

Սեդա Շահինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀԷՑ-ի կողմից օրենսդրության, մասնավորապես՝ հանձնաժողովի իրավական ակտերի որոշակի տարակերպ   մեկնաբանման արդյունքում իրենց կողմից դադարեցման պահանջներ են ներկայացվել սպառողներին։

Սպառման համակարգերի տարածքներ են հանդիսանում այն ընկերությունները, որոնք դիմել են ՀԷՑ-ին, միացրել են իրենց սպառման համակարգը էլեկտրացանցին, վճարել միացման վճար և որոշակի հզորությամբ հոսանքի մատակարարում են ստանում։

էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները հաջողությամբ գործում են արդեն մի քանի տարի և դա մինչև վերջերս որևէ հարց չի առաջացրել ՀԷՑ-ի մոտ:

Սա կարող է պայմանավորված լինել, պատկերավոր ասած, «նոր հանգամանքների ի հայտ գալու» իրողությամբ: Ինչպիսի՞ն կարող են լինել այդ «նոր հանգամանքները»: Ինչո՞ւ ՀԷՑ-ին հանկարծ սկսեցին խանգարել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները: Ինչո՞ւ ՀԷՑ-ին չեն խանգարում, օրինակ, խանութների մոտ ճիշտ նույն սկզբունքով, այսինքն՝ «Սպառողի սպառման համակարգից դուրս էլեկտրաէներգիա սպառող» պաղպաղակների սառնարանները, վճարման տերմինալները, լուսամփոփները և այլն:

Ըստ ենթադրությունների` ՀԷՑ-ի սեփականատեր հանդիսացող «Տաշիր Գրուպ»-ը, արձանագրելով էլեկտրամոբիլների քանակի սրընթաց աճը Հայաստանում, որոշել էր դրանց լիցքավորման բիզնեսը մոնոպոլիզացնել: Այդ նպատակով Հայաստանում գրանցվել է իր և ռուսական «ԱՖԿ սիստեմայի» հետ փոխկապակցված մի ըներություն, որը պատրաստվում է ներկրել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների խոշոր խմբաքանակ: Դրանք, ըստ իրենց մտադրության, պետք է փոխարինեին այսօր տեղակայված և այլ սեփականատերերի պատկանող կայաններին: Դրանով էլեկտրամոբիլների լիցքավորումը բիզնես կդառնար, ըստ էության, մեկ ընկերության մոնոպոլիա, այստեղից բխող բոլոր տխուր հետևանքներով: Մասնավորապես՝ սկզբնական շրջանում լիցքավորման արժեքը չէր փոխվի, բայց հետագայում գինը կորոշվեր մոնոպոլիստի քմահաճույքով և ախորժակով: Այդ փորձը մեր հասարակությունը ունեցել է դեռ ոչ վաղ անցյալում:
 

Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան