Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախնական հաշվարկների համաձայն, առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագինը, ամենայն հավանականությամբ, կթանկանա 2 դրամ 27 լումայով․ ՀԺ

Նախնական հաշվարկների համաձայն, առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագինը, ամենայն հավանականությամբ, կթանկանա 2 դրամ 27 լումայով․ ՀԺ
Հայաստան
15:03, 27 октябрь 2021
Հայաստանի էներգետիկ համակարգը վերջին տարիներին էական զարգացում էր ապրել՝ հիմնականում շնորհիվ Արցախի տարածքում շահագործվող նոր ՀԷԿ-երի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից հայտնում են, որ նախորդ տարվա պատերազմի հետևանքով, սակայն, այդ ՀԷԿ-երի մեծ մասն անցավ Ադրբեջանի հսկողության տակ։ Այս տարի դրան գումարվեցին նաև Մեծամորի ատոմակայանի պլանային կանգն ու Հրազդանի 5-րդ էներգաբլոկի աշխատանքի դադարեցումը։

Կարելի է ասել, որ 2021 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգի համար շոկային էր, ինչը մոտ ապագայում սակագների վերանայման և բարձրացման լուրջ հիմք է հանդիսանալու։

Էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները վերջին անգամ վերանայվել և ուժի մեջ են մտել 2020 թվականի փետրվարի 1-ից, իսկ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները՝ 2017 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, որոնց սակագները վերջին անգամ վերանայվել են 2019 թվականի փետրվարի 1-ին։

Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի՝ էլեկտրաէներգիայի սակագները կարող են վերանայվել 6 ամսից ոչ շուտ, սակայն ՀԾԿՀ-ն սովորաբար էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագները վերանայում է տարեկան արդյունքներով։ Հաշվի առնելով նշվածը՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից ՀԾԿՀ-ի նախաձեռնությամբ սկսվել էր էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, ծառայություններ մատուցողների սակագների և ՀԷՑ-ի սակագնային մարժայի վերանայման գործընթացը:

Ըստ այդմ, նախնական հաշվարկների համաձայն, առաջիկայում էլեկտրական էներգիայի սակագինը, ամենայն հավանականությամբ, կթանկանա 2 դրամ 27 լումայով։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացնում է այս պահին Հայաստանում էլեկտրական էներգիա արտադրողների, տեղափոխողների և բաշխողների սակագները, դրանց սեփականատերերին և մի շարք այլ տեղեկություններ։

Աղբյուր՝ armtimes.com