Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիմակայության և խոցելիության տեսանկյունից Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն շուկայի տեսանկյունից ուշադրության արժանի է նաև Մեղրին. ՏԿԵ փոխնախարարը՝ ֆրանսիական պատվիրակությանը

Դիմակայության և խոցելիության տեսանկյունից  Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն շուկայի տեսանկյունից ուշադրության արժանի է նաև Մեղրին. ՏԿԵ փոխնախարարը՝ ֆրանսիական պատվիրակությանը
Տնտեսություն
20:48, 26 январь 2024
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ղեկավար Վինսենթ Տանգիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ԶՖԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավարությանը՝ իրենց այցը Սյունիքի մարզ պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Նա ընդգծել է, որ ֆրանսիական կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ Սյունիքի նախնական ուսումնասիրության փուլն արագ ավարտին հասցնելու համար։ Կազմակերպությունը նախկինում ջրամբարաշինության հարցում զգալի ավանդ է ունեցել Վեդիում, այժմ ԶՖԳ-ի հետաքրքրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են։

ՏԿԵ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԶՖԳ պատվիրակությանը՝ ցուցաբերած հետաքրքրության համար։ Նա ընդգծել է, որ դիմակայության և խոցելիության տեսանկյունից  Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն, ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ գյուղատնտեսության, շուկայի տեսանկյունից, ուշադրության  արժանի է  նաև Մեղրին։

ԶՖԳ պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ  կա հստակ  ցանկություն՝  գործընթացն ավելի արագ իրականացնելու համար։

Այժմ Ֆրանսիայի Ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ծրագրի համար դրամաշնորհը հնարավորինս արագ հատկացնելու հարցը։

ՏԿԵ փոխնախարարը  ավելացրել է, որ որքան էլ կարևոր է ոռոգման ջրի հետ կապված հարցերի լուծումը, ցանկալի կլիներ համագործակցությունը նաև խմելու ջրի հարցում զարգացնելու հեռանկարը՝ հատկապես որ կա նման գործակցության արդյունավետ նախադեպ։