Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հնդկաստանի հետ երկկողմ առևտուրը կարելի է հասցնել առնվազն մի քանի միլիարդ դոլարի՝ գլխավոր խնդիրը լոգիստիկան է. տնտեսագետներ

Հնդկաստանի հետ երկկողմ առևտուրը կարելի է հասցնել առնվազն մի քանի միլիարդ դոլարի՝ գլխավոր խնդիրը լոգիստիկան է. տնտեսագետներ
Տնտեսություն
17:27, 14 июль 2023
Նախորդ տարի Հայաստանից Հնդկաստան արտահանվել է 150 մլն դոլարի ապրանք, ինչը գերազանցել է Հնդկաստանից ներմուծումը։ 
Civic.am-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Մակարյանը նշեց, որ Հնդկաստանի պարագայում այս թիվը բավարար չէ: «Նույն օրինակով մենք կարող ենք դիտարկել շատ ավելի փոքր պետության դեպքում, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որի հետ տարիներ շարունակ առևտուրը գտնվում էր 200-300 մլն դոլարի տիրույթում, սակայն Իրանի դեսպանի ակտիվությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ակտիվությամբ ու հատկապես մասնավոր բիզնեսի շնորհիվ ցուցանիշները հասան 700 մլն դոլարի, և տարվա վերջում գուցե 1 մլրդ-ի հասնենք»,- ասաց նա։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Իրանի հետ առևտրատնտեսական հարցում շատ կարևոր նշանակություն են ունեցել պետական շինարարական ծրագրերը. «Իրանից ներմուծվեց հիմնականում բիտում՝ ճանապարհ կառուցելու համար, ցեմենտ, արմատուրաներ, մետաղական ամրաններ և այլն։ Այսինքն՝ մի կողմից պետական ծրագրերը՝ մրցույթները, մյուս կողմից՝ մասնավորի բազմաբնակարան շենքեր կառուցելը բերեցին նրան, որ այդ ուղղությունն ուժեղացավ»։

Գագիկ Մակարյանը կարծում է, որ Հնդկաստանը երկար ժամանակ եղել է անուշադրության ներքո, քանի որ Հայաստանը Հնդկաստանից հիմնականում բերում էր թանկարժեք քարերի տեսակներ, համեմունքներ և ժողովրդական այլ ավանդական ապրանքներ, մինչդեռ Հնդկաստանը զարգացող պետություն է և ավելի լուրջ ոլորտներում է ցանկալի խորը համագործակցել. «Հնդկաստանը աշխարհին շատ կտրուկ ցուցադրեց, որ  ինքը արդյունաբերության ոլորտում զարգացած երկիր է դառնում, որը նաև ռազմական արդյունաբերության վերջին խոսքն ունի ասելու իր տեխնիկայով ու հնարավորություններով։ Իսկ սա ապացուցում է, որ մեքենաշինության, էլեկտրոնիկայի, էնժեներինգի զարգացածություն կա Հնդկաստանում։ Այսինքն՝ Հնդկաստանը արդեն տասը տարուց ավելի է՝ հեգեմոն է ՏՏ ոլորտում, որպես էժան, բայց բարձր որակի ՏՏ ծառայություններ մատուցող պետություն»։  

Ինչ վերաբերում է Հայաստանից Հնդկաստան ապրանքներ արտահանելուն՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանն ունի ապրանքներ, որ կարող է Հնդկաստանին առաջարկել, օրինակ՝ հանքարդյունաբերական ապրանքներ, կապի ոլորտի ապրանքներ, սննդի տեսակներ, խմիչքներ, նաև որոշակի դեղորայք: «Բայց ես այս քաղաքական իրավիճակում Հնդկաստանի հետ համագործակցությունը տեսնում եմ ինժեներական՝ ՏՏ ոլորտում։ Հնդկաստանը նաև լավ փորձ ունի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման հարցում։ Երբ 40 տարի առաջ Հնդկաստանում շատ աղքատ վիճակ էր, պետությունը գտավ ելքեր, և անհատները տնային պայմաններում սկսեցին զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ արտադրեցին տարբեր ապրանքներ, որոնք պետության կարիքները բավարարելուց հետո արտահանվեցին։ Հայաստանը ՓՄՁ-ների ոլորտում ևս կարող է ընդօրինակել Հնդկաստանին, որովհետև չնայած Հայաստանում ՓՄՁ-ների ոլորտում առկա պետական ռազմավարությանը, դեռևս կան շատ խնդիրներ՝ հատկապես միկրոբիզնեսը, որն արհեստագործական մակարդակի վրա է»,- հավելեց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետը կարծում է, որ Հնդկաստանի հետ Հայաստանը կարող է նաև տուրիզմի ոլորտում զարգացումներ ունենալ, որովհետև կլիմաներով մոտ են երկու պետությունները. «Բայց նաև Հնդկաստանի հետ կարող են լինել համատեղ ձեռնարկությունների պրոյեկտներ, որովհետև Հնդկաստանը դեռ խնդիրներ ունի իր բիզնեսը, էկոնոմիկան զարգացնելու և Հայաստանում հնդկական աշխատուժի հիման վրա ու Հնդկաստանի կառավարության մասնակցությամբ կարող ենք ստեղծել առևտուր։ Հնդկաստանի հետ երկկողմ առևտուրը կարելի է հասցնել առնվազն մի քանի միլիարդ դոլարի»։

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ Հնդկաստանից թեպետ կարելի է դիտարկել նաև սննդի ներկրում, սակայն ինքն ավելի շատ տեսնում է համագործակցություն տեխնոլոգիական պրոցեսների փոխանակման ոլորտում, ինչպես նաև հանքարդյունաբերական ոլորտում: «Մենք Հնդկաստանի հետ ունենք հանքարդյունաբերական պրոյեկտներ՝ հատկապես ոսկու ոլորտում։ Հնդկաստանն ընդունելի է և՛ ԱՄՆ-ի, և՛ Անգլիայի, և՛ տարածաշրջանի շատ երկրների համար։ Այսինքն՝ Հնդկաստանի ինտերվենցիան դեպի Հայաստան վատ չի նայվի այդ երկրների կողմից, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ցուցանիշները կբարձրանան»,-  եզրափակեց Գագիկ Մակարյանը։   

Տնտեսագետ Արմեն Քթոյանը ևս ընդգծեց, որ այսօր Հայաստան-Հնդկաստան առևտրաշրջանառության գերակշիռ մասը բաժին է ընկնում թանկարժեք քարերին, մետաղներին. «Ներմուծման մեծ մասն ադամանդն է, իսկ արտահանման առյուծի բաժինը թանկարժեք մետաղներինն է՝ մասնավորապես ոսկունը։ Մնացած ապրանքների պարագայում ոչ Հայաստանի, ոչ Հնդկաստանի պոտենցիալը լիարժեքորեն չի օգտագործվում, չնայած Հնդկաստանը մեծ շուկա է մեզ համար, և պետք է այդ ուղղությունն ավելի ինտենսիվորեն մշակել»։

Արմեն Քթոյանի մեկնաբանմամբ՝ Հնդկաստանի հետ առևտրաշրջանառությունն ընդլայնելու գլխավոր  խնդիրը տրանսպորտային խնդիրն է. «Լոգիստիկ խնդիրները զարգացած չեն, որ օրինակ՝ պակաս թանկարժեք ապրանքների պարագայում ստանալ վերջնական գնի վրա էապես չազդող տրանսպորտային ծախսեր»։ 

Տնտեսագետը կարծում է, որ սննդի ներմուծման տեսանկյունից ևս կարող ենք ընդլայնել շուկան, թեպետ հիմա էլ խոտաբույսեր, սառեցրած միս է ներկրվում Հնդկաստանից: «Միս վերամշակող հայկական ընկերություններից շատերը նախընտրում են աշխատել հնդկական հումքով»,- հավելեց նա։ 

Համեմատելով Չինաստանի հետ՝ Արմեն Քթոյանը նշեց, որ տրանսպորտի տեսանկյունից Չինաստանն ավելի հեռու է, բայց լոգիստիկ շղթաներ կան. «Հետևաբար Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելի մեծ է, և տրանսպորտային ծախսերի հարցում հնարավոր է տնտեսումներ անել, ինչը Հնդկաստանի պարագայում դեռևս հնարավոր չէ»։ 

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանը կարող է գրավել նաև հնդիկ ներդրողներին. «Այսօր միջին և միջինից բարձր ներդրումներ անող ընկերություները Հնդկաստանում բարդությունների են բախվում՝ հարկային միջավայրի փոփոխության պատճառով, և նրանք իրենց կապիտալը Հնդկաստանից դուրս ներդնելու ուղիներ են փնտրում, հետևաբար Հայաստանն այստեղ հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել։ Պետք է նաև այս հատվածի հետ աշխատել։ Հայ-հնդկական կապերը դարեր շարունակ եղել են, և հնդիկների կողմից ներդրումներ կատարելու հարցում ևս լուրջ պոտենցիալ կա»։

Նարա Մարտիրոսյան