Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխում մետաղաձուլական գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են. որո՞նք են Ադրբեջանի պահանջի իրական նպատակները

Երասխում մետաղաձուլական գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են. որո՞նք են Ադրբեջանի պահանջի իրական նպատակները
Տնտեսություն
17:30, 21 июль 2023
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ  համապատասխան նամակն ուղարկվել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի կողմից Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին, որով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցումը։  Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնեցին, որ նախարարը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանից։ Այդուհանդերձ հստակ է, որ Ադրբեջանը դեմ է գործարանի բացմանը և հենց այդ պատճառով է պարբերաբար կրակում կառուցվող գործարանի ուղղությամբ։

Մետաղաձուլական գործարանից Civic.am-ին հայտնեցին, որ Ադրբեջանի պնդումները կեղծ են,  գործարանը շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում, և չնայած կրակոցներ պարբերաբար լինում են, բայց շինարարական աշխատանքները շարունակվում են։ 
Ըստ համացանցում հայտնված տեղեկությունների՝  ադրբեջանական կողմը, հղում անելով ՄԱԿ-ի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիային (Էսպոյի կոնվենցիա), պահանջում է «անհապաղ դադարեցնել գործարանի շինարարությունը և տեղեկատվություն փոխանցել նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար»։ «Համաձայն կոնվենցիայի հավելված 1-ի՝ մետալուրգիական գործարանները ճանաչվում են որպես գործունեություն, որը կարող է բացահայտ բացասական անդրսահմանային ազդեցություն ունենալ»։ 

Ադրբեջանը իրականում այլ  նպատակներ է հետապնդում իր պահանջով։ Նախ՝ Ադրբեջանում հասկանում են, որ մետաղաձուլական այդ գործարանը կարևոր ներդրում է լինելու ՀՀ տնտեսության զարգացման համար, ինչպես նաև գործարանի գործունեության արդյունքում ֆինանսական մեծ միջոցներ են մուտք գործելու ՀՀ պետբյուջե, ինչը Ադրբեջանին ձեռնտու չէ։  

Երկրորդ գործոնը այն է, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է վախեցնել ամերիկացի ներդրողներին։ Նման սադրիչ գործողությունների նպատակն այն է, որ ՀՀ սահմանամերձ տարածքներում արտասահմանյան խոշոր ներդրումներ չլինեն, քանի որ դրանք ոչ միայն տնտեսության արագ զարգացմանն են նպաստում, այլև անվտանգային լրացուցիչ երաշխիքներ են ապահովում։ Ադրբեջանում գիտակցում են, որ ամերիկյան ներդրումները այդ հատվածում կհանգեցնեն նրան, որ ԱՄՆ-ն շահագրգռված կլինի այդ շրջանում կայունությամբ, իսկ դա Ադրբեջանի շահերին չի համապատասխանում։

Դավիթ Լևոնյան