Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ներդրումների ներգրավման խոշոր ծրագիր ենք ընդունել, որը լայնամասշտաբ աջակցություն կտրամադրի ներդրողներին․ Քերոբյան

«Այսօր ընդունեցինք ներդրումների ներգրավման ծրագիրը, որը շատ խոշոր ծրագիր է և իր մեջ պարունակում է լայնամասշտաբ աջակցություն ներդրողներին, որպեսզի այն ցուցանիշները, որոնք մենք կառավարությունում դրել ենք, հասնենք դրանց։ Պետք է ասեմ, որ այդ առումով լավ առաջ ենք գնում։ Նույնիսկ առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ մենք շատ մոտ ենք կառավարության դրած թիրախներին հասնելուն»,- այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս ներդրումների ծրագրում կան այնպիսի տերմիններ, որոնք երբևիցե չեն եղել, օրինակ՝ գլոբալ 500 ընկերությունների Հայաստան բերելու, լավագույն աշխարհի բրենդներին Հայաստան բերելու աջակցություն։ Այսինքն՝ լեքսիկոնը փոխվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր այլ զարգացվածության այլ մակարդակում գտնվող երկիր է»,- հավելեց նախարարը։  

Լրագրողի հարցին՝ Ռուսաստանից էժան ցորեն է ներկրվում, հնարավոր չէ՞, որ կառավարությունը հնարավորություն տա՝ տեղացիների աճեցրած ցորենն առաջնահերթ իրացվի, Քերոբյանն արձագանքեց. «Կառավարությունն արդեն խոշոր աջակցություն է ցույց տվել ցորեն աճեցնողներին, անցյալ տարվա աշնանացան ցորենի ծրագիրը  աշխատել է բավականին հաջող, բայց սեպտեմբերին եղած ռազմական գործողությունները չթողեցին, որ մենք Գեղարքունիքի և Սիսիանի համայնքներում ամբողջ ծավալով իրականացնենք աշնանացանի ծրագիրը, այդուհանդերձ մոտ 13 հազար հեկտար ավելի ցանկատարածություն է մշակվել»։ 

Մանրամասն՝ տեսանյութում