Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառուկյանի և Առուստամյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել իրենց պաշտպանյալների գործով բոլոր ապացույցները

Ծառուկյանի և Առուստամյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել  իրենց պաշտպանյալների գործով բոլոր ապացույցները
Իրավունք
14:11, 27 ноябрь 2023
Այսօր դատարանում ընթացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը։ Նրանք մեղադրվում են ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում իրենց դաշինքի և դաշինքի թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու մեջ։

Այսօրվա նիստում հետազոտվել են գործում առկա ապացույցները։ Մեղադրյալների պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով բոլոր ապացույցները՝ պնդելով, որ գործով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են: Բացի դրանից, պաշտպան Էմին Խաչատրյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է դատավարական կարգի էական խախտմամբ, և այս գործը ենթակա էր քննության Հատուկ քննչական ծառայությունում, այնինչ այն քննել է Ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ ԱԱԾ քննիչն այս գործով ոչ պատշաճ դատավարական սուբյեկտ է հանդիսացել, ուստի նրա կողմից ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, չեն կարող օգտագործվել որպես ապացույց:  

Գործով դատախազ Դավիթ Աղաջանյանն էլ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ քննչական ենթակայության խախտմամբ պայմանավորված ապացույցի անթույլատրելիության հարց կարող էր բարձրացվել այն դեպքում, երբ ակնհայտ կլիներ, որ, օրինակ, գործի քննությանը մասնակցել է անձ, որը ներգրավված չի եղել քննչական խմբում, սակայն այս դեպքում որոշվել է, որ գործը ԱԱԾ-ում կքննվի, և այն քննել են ԱԱԾ քննիչները:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը։