Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես կապ չունեմ, ես չգիտեմ, մեղքը չեմ ընդունում․ Գագիկ Ծառուկյանը՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ իր մեղադրանքի մասին

Այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով առաջին դատական նիստը։ 

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն այսօր է ստացել մեղադրական եզրակացությունը և չի հասցրել ծանոթանալ դրան։ Դատարանը որոշեց հետաձգել նիստը։ 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի պաշտպանների միջնորդության հիմքով դատական նիստերը կլուսաբանվեն մասնակի. դատարանն արգելեց լրագրողներին տեսալուսանկարահանել ամբաստանյալներին։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017թ.-ի ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ընտրակաշառքի գործն առնչվում է «Ծառուկյան» դաշինքի կողմից 2017թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակով առաջադրված Վազգեն Պողոսյանին, որը հետագայում հրաժարվել է պատգամավորական մանդատից։ 

Գագիկ Ծառուկյանն այսօր դատական նիստի ավարտից հետո, խոսելով լրագրողների հետ, նշեց, որ ճանաչել է Վազգեն Պողոսյանին, գիտեր, որ հարգանք է վայելում Գեղարքունիքում և կարող էր մասնակցել ընտրություններին: «Ասել ենք՝ եթե հաջողություն լինի, ուրեմն համապատասխան գործ կտանք»։ Նա նաև ընդգծեց, որ ցուցմունքում նշել է, որ կապ չունի ընտրակաշառքի հետ: «Ես կապ չունեմ, ես չգիտեմ, մեղքը չեմ ընդունում»,- հավելեց Ծառուկյանը։ 

Ըստ իրավապահների` Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։  Եվ ըստ մեղադրանքի՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ ձայներն ապահովելու նպատակով անհրաժեշտ գումարն ստանալու համար։ Խոսքը ընդհանուր թվով 90 մլն դրամի մասին է։  

Ընդգծենք, որ այս գործը քննվում էր դեռևս 2020թ.-ից։ Այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԱԺ-ում ներկայացնելով Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը, նշել էր, որ ընտրողներին տրված կաշառքի վերաբերյալ կազմված ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը և դրան համապատասխան տրամադրվող գումարը՝ յուրաքանչյուր անձին 10 հազար դրամ։ 

Թեպետ այս գործի վաղեմության ժամկետն անցել է, սակայն Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանն իրենց վերագրված մեղադրանքը չեն ընդունում՝ համաձայն չեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով գործը կարճելուն, պահանջում են արդարացում։