Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազին, դատավորներին հարցրեք․ «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրենը չգիտի՝ ինչու է ամբաստանյալի կարգավիճակում

Այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով առաջին դատական նիստը։ 

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն այսօր է ստացել մեղադրական եզրակացությունը և չի հասցրել ծանոթանալ դրան։ Դատարանը որոշեց հետաձգել նիստը։ 

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ու Սեդրակ Առուստամյանի պաշտպանների միջնորդության հիմքով դատական նիստերը կլուսաբանվեն մասնակի. դատարանն արգելեց լրագրողներին տեսալուսանկարահանել ամբաստանյալներին։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին։ 

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017թ.-ի ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Ընտրակաշառքի գործն առնչվում է «Ծառուկյան» դաշինքի կողմից 2017թ. խորհրդարանական ընտրությունների ցուցակով առաջադրված Վազգեն Պողոսյանին, որը հետագայում հրաժարվել է պատգամավորական մանդատից։ 

«Ես համոզված եմ, որ մեղավոր չեմ»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Սեդրակ Առուստամյանն ու ընդգծեց, որ լրագրողները դատախազին ու դատավորին թող հարցնեն, թե ինչու է ինքը ամբաստանյալի աթոռին։ Սեդրակ Առուստամյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել ընտրություններին։  

Մինչդեռ, ըստ իրավապահների, Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։  Եվ ըստ մեղադրանքի՝ Վազգեն Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին՝ ձայներն ապահովելու նպատակով անհրաժեշտ գումարն ստանալու համար։ Խոսքը ընդհանուր թվով 90 մլն դրամի մասին է։  

Թեպետ այս գործի վաղեմության ժամկետն անցել է, սակայն Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանն իրենց վերագրված մեղադրանքը չեն ընդունում՝ համաձայն չեն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով գործը կարճելուն, պահանջում են արդարացում։