Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, մի քանի քրեական գործերով անցնող Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթով կանչվել են Դատախազություն

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն, մի քանի քրեական գործերով անցնող Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթով կանչվել են Դատախազություն
Իրավունք
11:43, 21 июль 2023
ԲՀԿ առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր  Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա կինն ու որդին՝ Վարդիթեր Խաչատրյանն ու Գարիկ Առուստամյանը, ծանուցումներ են ստացել ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման վարույթի վերաբերյալ  և օգոստոսի 3-ին  պետք է ներկայանան  ՀՀ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ azdarar.am հարթակից։ Ծանուցագրերում նշված է, որ հայր և որդի Առուստամյաններին ու Վարդիթեր Խաչատրյանին պատկանող գույքի առնչությամբ  կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։   

Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը անցնում է մի քանի քրեական գործերով, մասնավորապես՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների գործով։  Ճանապարհաշինարարական վերոնշյալ խոշոր ծրագրում ներգրավված «Սթոնս» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար  Ս. Առուստամյանից բացի՝  կեղծ ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկեր, տուրքեր, այլ պարտադիր վճարներ չվճարելու և Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել ընկերության աշխատանքները վերջինիս հետ համակարգողներ Գուրգեն Սարգսյանին ու Սուրեն Ավագյանին, «Սթոնս»-ի գլխավոր հաշվապահին ու երկու աշխատակցուհիների, պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն: Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

Նախաքննության ընթացքում որպես վնասի հատուցման երաշխիք՝ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 միլիարդ դրամ: 

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է նաև ևս երկու քրեական գործերով։ Մեկն առնչվում է  «Մուլտի գրուպ»-ի կողմից Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում,  ձեռնարկած շինարարությանը։  Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։

ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով էլ  հիմնավորվել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը  ՀՀ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ կաշառք են տվել ընտրողներին։ Կաշառքը տրվել է կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Խոսքն ընդհանուր 90 միլիոն դրամ ընտրակաշառքի մասին է։ Այս գործով  Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ 2023 թվականի ապրիլի 21-ին մեղադրական եզրակացությունը հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: 

Ս. Առուստամյանը մեղադրվում է նաև ՊԵԿ նախկին նախագահ, այնուհետև ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին՝ վերջինիս որդիների միջոցով  առանձնապես խոշոր չափերով՝ 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու մեջ։