Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանը մնացել է թոշակի հույսին՝ նրա դրամական ողջ միջոցներն արգելանքի տակ են․ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատարանին՝ մասնակի վերացնել արգելանքը․ նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Քոչարյանների փաստաբաններ` Հարություն Հարությունյանը, Արամ Օրբելյանը և Արթուր Հովհաննիսյանն առարկեցին նիստը տեսա- և լուսանկարահանել, ինչպես նաև՝ այն ուղիղ եթերով հեռարձակել։  Ապա՝ Ռոբերտ և Բելլա Քոչարյանների պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։ Այս միջնորդությունը դատարանը բավարարեց մասնակի։  

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջում է Քոչարյանից և նրա ընտանիքից բռնագանձել ապօրինի համարվող 20 անշարժ գույք, որոնց թվում՝ Տերյան, Աբովյան, Պարոնյան փողոցներում, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքեր, բնակարաններ, ավտոկայանատեղիներ և հասարակական նշանակության տարածքներ, Ծաղկաձորում գտնվող հանգստյան տուն, Իսակովի պողոտայի 2 անշարժ գույք։  

Ինչո՞ւ պաշտպանները չթույլատրեցին նիստը տեսանկարահանել՝ հաշվի առնելով այն, որ դատական այս գործը հանրային մեծ հետաքրքրություն է առաջացնում՝ հարցին ի պատասխան Արամ Օրբելյանը նկատեց, որ, օրինակ, Միացյալ Նահանգներում ընթացող դատական նիստերը լրագրողները թուղթ ու գրիչով են սղագրում։

Իսկ դատական նիստի ընթացքում Արամ Օրբելյանը միջնորդեց Ռոբերտ Քոչարյանի դրամական՝ շուրջ 21 մլրդ դրամ միջոցների վրա դրված կալանքը մասամբ վերացնել, որպեսզի վերջինս կարողանա վճարել ավելի քան 20 մլն 700 հազար դրամի գույքահարկը։

Օրբելյանն ասաց, որ  Ռոբերտ Քոչարյանի միայն թոշակի հաշվեհամարն է, որ չի գտնվում արգելանքի տակ, միայն այդ միջոցներն է նա կարողանում օգտագործել։  Նիստից հետո պարզաբանելով, թե կոնկրետ ինչ գույքահարկի մասին է խոսքը, Արամ Օրբելյանը հստակեցրեց, որ նախորդ երեք տարիների գույքահարկն է պետք վճարել, որն առաջացել է քաղաքապետարանի կողմից վերահաշվարկ կատարելու հետևանքով։ Իսկ այսօրվա նախնական դատական նիստը հետաձգվեց, քանի որ Քոչարյանների պաշտպան Հարություն Հարությունյանն այսօր էր լիազորվել հանդես գալ որպես պատասխանողներից 4-ի ներկայացուցիչ։ Այս միջնորդությանը միացան նաև մյուս երկու պաշտպանները՝ Արամ Օրբելյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Դատախազ Գևորդ Քոչարյանն առարկեց՝ նշելով, որ պատրաստվում է հայցադիմումն ամբողջությամբ ներկայացնել, ինչը նշանակում է, որ դա տեղի չի ունենալու մեկ նիստի ընթացքում և կողմերը ժամանակ կունենան ծանոթանալ գործի նյութերին։ Ի պատասխան դատավոր Նարինե Ավագյանն ասաց, որ հայցվոր կողմը հայցադիմումը ամբողջությամբ չի ներկայացնի, քանի որ կողմերը ծանոթ են դրան։

Կողմերը ծանոթ են, սակայն ծանոթ չէ հանրությունը։ Դատախազը պնդեց՝ համոզված է, որ պետք է հայցադիմումը գոնե սկզբնական փուլում ամբողջությամբ ներկայացվի։

Իսկ Արամ Օրբելյանն էլ ասաց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը  հստակ նախատեսում է հայցի առարկայի ներկայացում և չի նախատեսում հայցադիմումի ընթերցում։

Ի վերջո դատարանը հետաձգեց դատական նիստը, նոր դատական նիստ նշանակեց դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին։ Նիստի ավարտից հետո Արամ Օրբելյանն ասաց, որ իրենց մինչև վերջ պարզ չէ, թե Դատախազությունն ինչ հաշվարկ է արել, որ գույքը ումն է համարել և այլն։ Օրբելյանը չհիմնավորված համարեց Դատախազության պահանջը։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Վովա Հակոբյան