Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Բեգլարյանի 16.8 միլիարդ դրամ արժեք ունեցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով մեկնարկեց դատախազության հայցադիմումի քննարկումը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում՝  դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, շարունակվեց Երևանի նախկին քաղաքապետ, կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։

Այսօրվա նիստում մեկնարկեց դատախազության հայցադիմումի քննարկումը։ Հայցադիմումով պահանջվում է Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում է Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERCEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ: 

Բացի դրանից, ըստ Դատախազության, բռնագանձման է ենթակա նաև 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով, 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ, 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Այսօրվա դատական նիստը հնարավոր չեղավ լուսաբանել։ Դատախազները նիստը տեսանկարահանելու և հեռարձակելու հետ կապված  առարկություն չհայտնեցին, սակայն Բեգլարյանի ներկայացուցիչները առարկեցին նիստը տեսանկարահանել, և դատարանը որոշեց արգելել լուսաբանումը։

Վովա Հակոբյան