Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ փաստաբանների՝ «անբասիր վարք» ունեցող Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ապօրինի գույքի գործով Հակակոռուպցիոն դատարանը եկող շաբաթ նիստ է հրավիրել

Ըստ փաստաբանների՝ «անբասիր վարք»  ունեցող Երևանի նախկին քաղաքապետ, ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող ապօրինի գույքի գործով Հակակոռուպցիոն դատարանը եկող շաբաթ նիստ է հրավիրել
Իրավունք
15:51, 01 декабрь 2023
ՀՀ իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ մղվող պայքարը մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, օրերս էլ՝ ի դեմս ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի։ Բավական է, սակայն, աչքի անցկացնել ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերից որոշները,  ու գլխապտույտ կառաջանա նախկին իշխանության ներկայացուցիչների դիզած գույքի ու եկամուտների  ցանկից։ Ստացվել է այնպես, որ այդ կարկառուն ներկայացուցիչների թվում են նաև Երևանի նախկին քաղաքապետերից չորսը՝ Ռոբերտ Նազարյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան,  Տարոն Մարգարյան։  Նազարյանը, հիշեցնենք, երկար տարիներ (2003–2018թթ.)  զբաղեցրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 

Նախկին քաղաքապետերից մասնավորապես Ռոբերտ Նազարյանից և նրա տիկնոջից  ՀՀ  գլխավոր դատախազությունը 15.08.2023 թվականին դատարան ներկայացված հայցադիմումով պահանջել է հօգուտ ՀՀ-ի  բռնագանձել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ահռելի գույք։ Մասնավորապես,  Երևանի  Բայրոն փողոցի բնակարաններից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 230 787 500 ՀՀ դրամ, նույն՝ Բայրոն փողոցում գտնվող 4-րդ ավտոտնակը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 16 100 000 ՀՀ դրամ, 2008 թվականի արտադրության INFINITI EX 35 մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 4 600 000 ՀՀ դրամ։

Ինչպես նաև  02.05.2022 թվականին Ռոբերտ Նազարյանի անվամբ ձեռք բերված «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում  149 448,88 ԱՄՆ դոլարի պարտատոմսերը, 18.10.2018 թվականին Սվետլանա Խառատյանի անվամբ ձեռք բերված «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում 37 975,81 ԱՄՆ դոլարի պարտատոմսերը, 22.04.2022 թվականին Սվետլանա Խառատյանի անվամբ ձեռք բերված «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում  69 549,82 ԱՄՆ դոլարի պարտատոմսերը։  Դատախազությունը պահանջում  է նաև սույն գործով պատասխանողներ Լևոն Նազարյանից և Մարինե Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված, սակայն օրենքի իմաստով Ռոբերտ Նազարյանին պատկանող Երևանի  Հյուսիսային պողոտայի  6-րդ շենքի 24-րդ տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 143 525 000 ՀՀ դրամ,  Երևանի  Կոմիտասի պողոտայի  17-րդ շենքի  36-րդ արտադրամասը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 72  875 000 ՀՀ դրամ,  Երևանի  Գրիբոյեդով փողոցի 5-րդ շենքի, 1-ին շինությունը,   իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 299 950 000 ՀՀ դրամ, Երևանի Գրիբոյեդով փողոցի  5-րդ շենք, 1/1 շինությունը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 292 300 000 ՀՀ դրամ, ինչպես նաև Երևանի Կիևյան փողոցի  18-րդ շենքի 42-րդ տարածքը,  իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 114 975 000 ՀՀ դրամ,  Երևանի Դեմիրճյան փողոցի  12-14-րդ շենքի  26-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 230 750 000 ՀՀ դրամ, 2011 թ.  արտադրության NISSAN PATROL 5.6 մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 11 600 000 ՀՀ դրամ, 2018 թվականի արտադրության BMW X2 XDRIVE 2.0I մակնիշի ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքի չափով գումար՝ 13 050 000 ՀՀ դրամ, «Արարատբանկ» ԲԲ ընկերությունում 05.02.2020 թվականին Մարինե Գևորգյանի անվամբ ներդրված 144 450 000 ՀՀ դրամ ավանդը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունում 07.09.2021 թվականին Մարինե Գևորգյանի անվամբ ներդրված 1 000 000 ԱՄՆ դոլար ավանդը, 18.08.2021 թվականին Մարինե Գևորգյանի անվամբ ձեռք բերված «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերությունում  60 484 617,2 ՀՀ դրամի պարտատոմսերը, 08.09.2021 թվականին Մարինե Գևորգյանի անվամբ ձեռք բերված «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության 119 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսերը, Ռոբերտ Նազարյանի և Սվետլանա Խառատյանի անվամբ գրանցված, ինչպես նաև Լևոն Նազարյանի և Մարինե Գևորգյանի անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Ռոբերտ Նազարյանին պատկանող և օրինական եկամուտներով հիմնավորվող գույքերի հաշվին հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 408 908 178 ՀՀ դրամ ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման արդյունքում առաջացած գումար, 1 296 207 896 ՀՀ դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների կամ հնարավոր չէ նույնականացնել:

Նշենք, որ այս գործով մեկ նախնական դատական նիստ արդեն իսկ տեղի է ունեցել՝ հոկտեմբերի 30-ին, դատական հաջորդ նիստը դեկտեմբերի 8-ին է։ 

Նշենք, որ Նազարյանի փաստաբանական թիմի ղեկավարը՝ Գագիկ Խաչիկյանը, դատախազության հաղորդագրության վերաբերյալ ներկայացրել էր  փաստաբանական թիմի հայտարարությունը, որում մասնավորապես նշված էր. «Ռոբերտ Նազարյանը ունեցել է և ունի անբասիր վարք և կենսագրություն, նրա ղեկավարած շինարարական կազմակերպության կողմից է կառուցվել Երևանի բնակարանային ֆոնդի շուրջ 15 տոկոսը, նրա ղեկավարությամբ Գյումրիում կառուցված շենքերից որևիցե մեկը երկրաշարժի ընթացքում չի փլվել, ավելին՝ նույնիսկ չի ճանաչվել վթարային։ Հիմա հաշվենք, թե իր անբասիր աշխատանքի արդյունքում քանի հարյուր, եթե ոչ հազար կյանք է փրկել վերջինս։ Ինչ վերաբերում է իբր ապօրինի գույքի և ֆինանսների առնչությամբ ստահոդ հայտարարություններին, ապա դրանք մանրամասն վերլուծվել և հերքվել են մեր կողմից դատարան ներկայացրած փաստաթղթերով»։


Հ. Մ.