Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքվում նրան մեղադրանք են առաջադրել

Ջերմուկի դիրքերից գերեվարված Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպառնում․ Բաքվում նրան մեղադրանք են առաջադրել
Իրավունք
12:42, 07 декабрь 2023
Ադրբեջանում ընթանում է ապօրինի կալանավորված, ՀՀ ԶՈւ պահեստազորի սպա Գագիկ Ոսկանյանի գործով դատավարությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «այս տարվա օգոստոսի 16-ին ադրբեջանա-հայկական սահմանի Քելբաջարի (Քարվաճառ-խմբ․) շրջանի Իստիսու գյուղի տարածքով անցնող հատվածում Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խումբը խախտել է պետական սահմանը՝ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։

Օպերատիվ որոնողական աշխատանքների արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ձերբակալել են հետախուզադիվերսիոն խմբի անդամ Գագիկ Ոսկանյանին։

Ձերբակալության ժամանակ նրա մոտ զգալի քանակությամբ զինամթերք է հայտնաբերվել։ Ձերբակալվածը զինված դիմադրություն է ցույց տվել ադրբեջանցի զինվորականներին և փորձել սպանել նրանց»։

Նշվում է, որ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ մի քանի հոդվածներով։ Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ասելով, որ չի հիշում այդ իրադարձությունները։

Դատավորը հայտարարել է, որ մեղադրյալին առաջադրված մեղադրանքով Ոսկանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։