Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրակաշառք բաժանելու համար Գագիկ Առուշանյանի առնչությամբ քրգործ է հարուցվել. այն ուղարկվել է ՀՔԾ

Ընտրակաշառք բաժանելու համար Գագիկ Առուշանյանի առնչությամբ քրգործ է հարուցվել. այն ուղարկվել է ՀՔԾ
Իրավունք
18:24, 18 октябрь 2021
Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սյունիքում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է ենթադրյալ հանցագործության 10 ահազանգ, հարուցվել է 1 քրեական գործ։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:

Civic.am-ի ունեցած տեղեկություններով՝ դատախազությունում հարուցված քրգործը վերաբերում է Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին. մեր ունեցած տեղեկություններով՝ գործը ուղարկվել է ՀՔԾ։ Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը շրջափակել էր Առուշ Առուշանյանի նախընտրական շտաբը և ներսում խուզարկություն իրականացնելուց հետո փաստաթղթեր տարել։ Իսկ Առուշանյանի  փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել։ 

Հիշեցնենք, որ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Առուշանյանի շտաբում տիրող իրավիճակին, ասել էր. «Ես չգիտեմ, թե որքանով «Առուշ Առուշանյան» դաշինքի  շտաբում տեղի ունեցող խուզարկությունը կապ ունի, որոնց մասին մենք գիտենք: Կարծում եմ, որ կապ ունի: Մենք այսօր ենք ստացել ահազանգերը, որոնք մենք ենք ստացել, ոստիկանությունը տեղեկացվել է»,- նշել էր Իոաննիսյանը: 

Հարցին, թե այսօր է՞լ եք ստացել ահազանգեր ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, Իոաննիսյանը հավելել էր, որ այո, այսօր էլ են  ահազանգ ունեցել՝ հստակ տեղով, ժամով, անձանցով:

Գեղամ Ադյան