Ուկրաինան առաջիկայում կստանա առաջին Gripen կործանիչները

Ուկրաինան առաջիկայում պետք է ստանա շվեդական արտադրության առաջին Gripen կործանիչները։ Այս մասին Բրյուսելում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


Զելենսկին նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի կարիքները՝ շարունակական հարձակումներից պաշտպանվելու համար, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի հզորացման հարցը։


Gripen կործանիչները կլրացնեն Ուկրաինայի զինանոցում առկա F-16 ինքնաթիռները։ Զելենսկու խոսքով՝ այդ ինքնաթիռները օգտակար կլինեն, մասնավորապես, ռեակտիվ շարժիչներով «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար։


Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ շարունակվում է Gripen կործանիչների նախապատրաստումը Ուկրաինայում կիրառելու համար, իսկ օդաչուներն անցնում են ուսուցում։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի պաշտպանական համակարգում նոր ինքնաթիռների ինտեգրման հետ կապված դժվարությունները հաջողությամբ հաղթահարվում են։


Քրիստերսոնը նաև հայտարարել է, որ մինչև 2026 թվականի ավարտը և 2027 թվականին Ուկրաինան ֆինանսական աջակցության զգալի կարիք է ունենալու։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և ամրապնդել Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության մեխանիզմները։