Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատավորի նկատմամբ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց

«Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով դատավորի նկատմամբ հարուցված վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
Իրավունք
17:43, 11 ноябрь 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր շարունակվեց դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստը։ 

Դատավորի պաշտպան Ռուբեն Մելիքյանը, նիստի ժամանակ ներկայացնելով երկրորդ միջնորդությունը, խնդրեց կարճել Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված վարույթը։

 Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ներկայացնելով որոշումը՝ խորհուրդը հայտարարեց, որ որոշել են հարուցված կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանի միջնորդությունը մերժել։ 

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ 

Ըստ միջնորդության՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել անչափահաս հայցվորի՝ Շուշան Փաշինյանի օրինական ներկայացուցչի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն ինքնաբացարկ չի հայտնել։ Մասնավորապես, դատավորի կողմնակալությունն արտահայտվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների շրջափակման, ինչպես նաև Փաշինյանի կողմից դատավորների նկատմամբ «վնգստացող դատավորներ» արտահայտությունների վերաբերյալ գնահատականներով, որոնց մասին խոսել է իր հարցազրույցներում։ Դատավորը նշել է, որ ինքը վիրավորվում է, երբ դատավորներին անվանում են «վնգստացող դատավորներ», և այդ հայտարարությունները կարող են նվաստացնել դատական համակարգը։ Այս հիմքով հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավորն ունի կանխակալ վերաբերմունք հայցվորի օրինական ներկայացուցչի՝ հոր նկատմամբ, ինչը մերժվել է։ Դատարանն արձանագրել է, որ չկա որևէ խոսք, որը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական, և իր խոսքերը չեն վիրավորում, չեն վերաբերում հայցվորի օրինական ներկայացուցչին։ 

Որոշումից հետո Զարուհի Նախշքարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել մեկ աշխատանքային օրով, քանի որ իրենց հետագա անելիքները պայմանավորված են կարճման միջնորդության վերաբերյալ ԲԴԽ-ի հրապարակած որոշմամբ։

Տեղում խորհրդակցելով՝ Խորհուրդը բավարարեց Նախշքարյանի միջնորդությունը և հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին, ժամը 16.30-ին։