Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիմումի հիմքով՝ վերջինիս ծանր վիրավորելու համար

Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիմումի հիմքով՝ վերջինիս ծանր վիրավորելու համար
Իրավունք
15:14, 14 декабрь 2021
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 3-րդ մասով՝ ծանր վիրավորանք, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ 

Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն է Նարեկ Սամսոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել դատախազություն՝ դեռևս մի քանի շաբաթ առաջ: «Մի քանի շաբաթ առաջ Նարեկ Սամսոնյանը հրապարակային կերպով՝ Ֆեյսբուքի իր էջում, իմ հասցեին հնչեցրել է ծանր բնույթի վիրավորանք։ Ես այս ընթացքում սպասել եմ, որպեսզի հարուցվի քրեական գործ համապատասխան հոդվածով, երեկ և այսօր առավոտյան տվել եմ ցուցմունք։

Կարծես թե Նարեկ Սամսոնյանը երեկ տեղեկացել է, որ իրեն առաջադրվելու է մեղադրանք այս գործի շրջանակներում և ֆեյսբուքյան տիրույթում էլ ավելի ծանր բնույթի հայհոյանք է հասցրել՝ դրանով իսկ ծանրացնելով իր վիճակը։ Քրեական օրենսգրքի նույն հոդվածը նախատեսում է բազմակի հնչեցրած վիրավորանքի համար ավելի ծանր պատիժ, և դրան այսօր հետևել են ոստիկանական գործողությունները»,- հավելեց Երևանի ավագանու անդամը։

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ինքը պնդելու է իր տված ցուցմունքը, և տեսակետ հայտնեց, որ հայհոյախոսները քաղաքական դաշտում որևէ անելիք չունեն։  

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է, որ Նարեկ Սամսոնյանն առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար։  

Հիշեցնենք, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը, հայհոյելը քրեականացվել է այս տարի՝  2021թ. օգոստոսին։