Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին և չեղարկել ավելի քան 700 մլն ռուբլու տուգանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել բլոգեր Վալերիա Չեկալինային՝ հայտնի որպես Լերչեկ, որը գումարներն ապօրինի կերպով արտասահման փոխանցելու գործով դատապարտվել էր 5 տարվա պայմանական ազատազրկման և 763,6 մլն ռուբլի տուգանքի։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»  գործակալությունը:


Ըստ հրամանագրի՝ Չեկալինան ազատվում է Մոսկվայի Գագարինյան շրջանային դատարանի կողմից այս տարվա ամռանը նշանակված պատժից:



Չեկալինայի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղ՝ չորրորդ փուլում և մետաստազներով, և նա փորձում էր Չինաստան մեկնելու թույլտվություն ստանալ՝ բուժումը շարունակելու համար։


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Չեկալինայի ծանր հիվանդությունն ու անչափահաս երեխաների առկայությունը, թեև պետությանը պատճառված տնտեսական վնասը «շատ մեծ» է եղել։ 


Պաշտպանական կողմին արդեն հաջողվել է վերադարձնել բլոգերի արտասահմանյան անձնագիրը, սակայն Չինաստանում բուժման ժամկետները ստիպված են լինելու համաձայնեցնել նորից, քանի որ նախկին պայմանավորվածության ժամկետն արդեն սպառվել է։