Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կալանավորը մեխել է ոտքերը, հացադուլ ու ջրադուլ հայտարարել, իսկ Արման Թաթոյանը չի արձագանքել նրա դիմումին․ ահազանգ

Կալանավորը մեխել է ոտքերը, հացադուլ ու ջրադուլ հայտարարել, իսկ Արման Թաթոյանը չի արձագանքել նրա դիմումին․ ահազանգ
Իրավունք
15:26, 05 февраль 2022
««Գորիս» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Արտակ Խարտխալյանը հունվարի 31-ից հացադուլ և ջրադուլ է անում, իսկ երեկ առավոտյան նա մեխել է իր ոտքերը՝  նպատակ ունենալով  վերջ դնել վարույթն իրականացնողի և դատարանների ապօրինություններին»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Խարտխալյանի պաշտպան Յուրա Ավայանը։
 
 Նա տեղեցրեց, որ իր պաշտպանյալի հացադուլի ու ջրադուլի մասին տեղեկացրել են ՄԻՊ Արման Թաթոյանին և Դատախազությանը, սակայն 5-6 օր նա այդ վիճակում է և որևէ մեկը չի գնացել նրան այցելության։

 «Երեկ էլ գրություն եմ ուղարկել ՄԻՊ-ին՝ նշելով, որ եթե քաղաքական երանգ չկա, ապա դա ՄԻՊ-ին չի հետաքրքրում։ Իմ պաշտպանյալը 44-օրյա պատերազմին կամավոր մասնակից է ու ռազմաճակատի ամանաթեժ  հատվածներում մասնակցել է մարտերի, ապա նաև հրադադարից հետո է շարունակել կամավոր պաշտպանել հայրենիքի սահմանները, իսկ հիմա ապօրինի կալանավորվել է և պահվում է «Գորիս» ՔԿՀ-ում»,- ասաց  Յուրա Ավայանը:

Նշենք, որ Արտակ Խարտխալյանը մեղադրվում է անզգուշությամբ կատարված սպանության մեջ, սակայն, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը իրեն մեղսագրվող արարքում մեղավոր չէ։

 Պաշտպանը տեղեկացրեց, որ 2021թվականի փետրվարի 24-ից մինչև 2021թվականի օգոստոսի 24-ը Արտակ Խարտխալյանը գտնվել է անազատության մեջ, որից հետո շուրջ 4 ամիս գտնվել է ազատության մեջ՝ դրսևորելով պատշաճ վարքագիծ, սակայն 27.12.2021 թվականին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը ապօրինի կերպով անձին 1 ամսով զրկել է ազատությունից՝ կալանավորման հիմքում դնելով այնպիսի հիմքեր, որոնք նույնիսկ նախնական կալանքի ժամանակ դատարանների որոշումներով առկա չեն եղել, ու քննիչն էլ նման հիմքեր չի նշել իր միջնորդության մեջ: 
«Բացի այդ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանը կրկին ապօրինի՝ առանց որևէ հիմքի, որոշել է 2 ամսով երկարացնել Խարտխալյանի կալանավորման ժամկետը: Այսինքն՝ Օհանյանի կողմից քննիչի միջնորդությունը մասնակի բավարարելով ակնկալվում էր, որ 1 ամսում կամ կհայտարարվի գործի նախաքննության ավարտ, կամ Արտակ Խարտխալյանը ազատ կարձակվի: Արդյունքում՝ անձը առանց որևէ իրավական հիմքի, այն պարագայում երբ նույնիսկ քննիչն է հայտնում, որ որևէ գործողություն չունի անելու, միայն սպասելու են փորձաքննությունների եզրակացությունների ստացմանը, դատարանը անձին զրկում է ազատությունից, այն էլ չկատարած արարքի համար: Բացի այդ, սույն գործով ի սկզբանե կատարվել են մի շարք ապօրինություններ և փորձեր են արվում կատարել՝ վարույթն իրականացնողի անգործությունը, ենթադրյալ հանցագործութունը կատարած իրական մեղավորին ազատության մեջ պահելու համար»,-ասաց Յուրա Ավայանը:

Պաշտպանի խոսքով՝ ըստ ամիսներ տևած նախաքննության, պարզ է դարձել, որ Վահե Մկրտչյանին մահ պատճառվել է ոչ թե Արտակ Խարտխալյանի կողմից, այլ մեկ այլ անձի:

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ վարույթն իրականացնողը, իր հիմնարկի ղեկավարների հետ՝ տարբեր պաշտոնատար անձանց միջոցով, փորձեր է կատարել Արտակ Խարտխալյանին լռեցնելու և ապօրինի առաջադրված մեղադրանքը վերացնելուց հետո վերջիններիս ապօրինությունների հետևանքով ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելու մասով համապատասխան մարմիններին չբողոքելու համար:

 «Դատավորը կամ անձնական շահագրգռվածություն ունի, կամ այս գործի հետ կապված իրենք ցանկանում են, որ ինչ-որ մեկը մնա անազատության մեջ»,- ասաց Յուրա Ավայանը։
 
Լիլիթ Թադևոսյան