Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը «չի հասցրել» Կապանից վերադառնալ Երևան՝ մասնակցելու նիստին, դատարանը ընդմիջում հայտարարեց
Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ դատական նիստից առաջ ստացել է Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ փետրվարի 7-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում մասնակցել է դատական նիստին և ավարտվելու ժամով պայմանավորված նույն օրը չի կարողացել վերադառնալ Երևան, իսկ այսօր Երևան վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ և հնարավորթյուն չունի նշանակված ժամին հասնել դատական նիստին։ 

Իր դիմումով պաշտպանը խնդրել էր հետաձգել դատական նիստը։ 

Դատարանը ընդմիջում հայտարարեց՝ փորձելու կապ հաստատել Լուսինե Սահակյանի հետ՝ պարզելու արդյոք այնուամենայնիվ կաորղանալու է ներկա գտնվել նիստին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին ու Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել գործարար Սիլվա Համբարձումյանից խոշոր չափի կաշառք ստանալու համար։