Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի դատախազության կողմից Արցախի նախագահի դեմ հարուցված քրգործը միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող․ Կարեն Անդրեասյան. Տեսանյութ

Ադրբեջանի դատախազության կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը ցանկացած ողջամիտ մարդ, ես նույնիսկ չեմ ասի՝ ցանկացած հայաստանցի, հասկանում է, որ որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող, և այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր և Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում՝ այստեղ իրավական հետապնդում անել ինքնապաշտպանության համար, ինձ թվում է՝ անտրամաբանական է։  Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով Civic.am-ի հարցին։

Մեր այն դիտարկմանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հայաստանը պետք է այն երկրներում, որտեղ գոյություն ունի ընդհանուր իրավազորություն, փաթեթներ ուղարկի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները կատարած ներկայացուցիչների դեմ քրեական գործեր հարուցել համար, նախարարն արձագանքեց. «Այդ հարցը դատախազության և մեր մյուս իրավապահ մարմինների ներքո է, կարծում եմ՝ պարոն Մարուքյանի առաջարկը հետաքրքիր է, բայց դա իրավապահ մարմինները պետք է ուսումնասիրեն և արձագանքեն»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել։ Ըստ Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրության՝ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջա քաղաքի վրա հարձակման համար։ Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ Արցախի նախագահն իբր Գյանջայի վրա հարձակման պատասխանատվությունը վերցրել է իր վրա՝ այդ մասին դեռևս պատերազմի օրերին սոցիալական ցանցերում գրառելով։ 

Նարա Մարտիրոսյան
 
Մանրամասն՝ տեսանյութում: