Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի բանալիները հասել են Դատական դեպարտամենտին

Գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի բանալիները հասել են Դատական դեպարտամենտին
Իրավունք
12:28, 23 март 2022
Գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի բանալիները հասել են Դատական դեպարտամենտին։ ՀՀ ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտին տեղեկացրել է դատական գործերի համակարգչային մակագրման ծրագրի վերագործարկման թույլատրելիության և քննվող քրեական գործով դրա համար խոչնդոտների բացակայության մասին:

«Ներկայումս «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և դատական դեպարտամենտի մասնագետների կողմից կատարվում են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ համակարգի ամբողջական շահագործումն ապահովելու համար:

Մենք շահագրգիռ ենք մակագրման համակարգչային ծրագրի արագ վերագործարկման հարցում»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քննությանն անհրաժեշտ տվյալները հնարավորինս սեղմ ժամկետում ստանալու և համակարգի գործարկման խոչընդոտները բացառելու ուղղությամբ։

«Մասնավորապես, քրեական գործով նշանակված փորձաքննությունը կատարող փորձագետի կողմից արդեն իսկ ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա։ Հետևաբար քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը։

Դատախազի խորհրդականի գրառմանն արձագանքել է Դատական դեպարտամենտը՝ պնդելով, թե առգրավված բանալիները չեն վերադարձվել, իսկ Դեպարտամենտի կողմից հերքում տարածելուց հետո Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթը՝ վերահաստատելով իր կողմից պնդումը, որ բանալիները վերադարձվել են դեպարտամենտին։