Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ն ու Քոչարյանը Գերասիմ Վարդանյանի ծառայությունը 60 մլն դրամ չե՞ն գնահատում․ նրա գրավի գումարը չի վճարվել և կրկին կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՅԴ-ն ու Քոչարյանը Գերասիմ Վարդանյանի ծառայությունը 60 մլն դրամ չե՞ն գնահատում․ նրա գրավի գումարը չի վճարվել և կրկին կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
16:00, 11 май 2022
«2022թ. մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանը որոշել էր Գերասիմ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 60 մլն ՀՀ դրամ գրավը, որը մենք չվճարեցինք շատ պարզ պատճառով՝ այդքան փող չունեինք»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառել է Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանն ու հավելել. «Արդեն այսօր Գերասիմի հետ հերթական անգամ այցելեցինք ՀՀ ԱԱԾ»։

Civic.am-ի հետ զրույցում Բենիկ Գալստյանը նշեց, որ մեղադրանքը կապվում է «Ազատություն» ռադիոկայանի հետ տեղի ունեցած գործողությունների հետ։ Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՅԴ-ական նախկին ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի ուղղորդմամբ մի խումբ տղամարդիկ ներխուժել էին շենք, որտեղ գտնվում է «Ազատության» գրասենյակը, ինչպես իրենք են հայտարարել, սերվերները ջարդելու, թույլ չտալու մտնել եթեր՝ այդ ընթացքում վիրավորելով լրագրողներին և Ազատությունն անվանելով թուրքական ծառայություն։

Երիտասարդներից հաջողվել է ճանաչել միայն մեկին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։ Խումբը ջարդել էր շենքի մուտքի դուռը, փորձել հարվածներով բացել նաև «Ազատության» գրասենյակի դուռը, քաշքշել «Ազատության» պրոդյուսերին և օպերատորին, նյարդայնացել՝ պարզելով, որ նկարահանվում են, որոշ ժամանակ անց հեռացել՝ տեսնելով, որ լրագրողները զանգահարել են ոստիկանություն։

 Նոյն խումբը հարձակվել էր «Բաց հասարակություններ» հիմնադրամի գրասենյակի վրա։ 

Փաստաբանը նշեց, որ Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրած Քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օժանդակել է զանգվածային անկարգությունների կատարմանը ինչպես նաև ՔՕ 164 հոդվածի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։ 

Բենիկ Գալստյանի խոսքով՝ մեղադրանքի հիմքում 2020թ. նոյեմբերի 9-ին կատարված իրադարձություններն են. «Գերասիմ Վարդանյանին առաջին անգամ մեղադրանք է առաջադրվել 2020թ. նոյեմբերին, ձերբակալվել է, սակայն կալանքի միջնորդությունը դատարանը չի բավարարել։ Որոշ ժամանակ անց մեղադրանքի ձևակերպումները փոխվեցին, և կրկին կալանքի միջնորդություն ներկայացվեց դատարան, որը կրկին մերժվեց։ Իսկ մայիսի սկզբին, երբ ձերբակալել էին Գերասիմ Վարդանյանին, մեղադրանքը փոխեցին՝ հոդվածի մաս փոխեցին, որն ըստ էության ավելի մեղմ պատիժ է սահմանում, բայց նորից կալանքի միջնորդություն ներկայացրեցին դատարան, որը կրկին մերժվեց։ Հիմա այս մեղադրանքով գրավ կիրառեցին, մենք էլ ասեցինք՝ այդքան փող չունենք։ Եվ քննիչը որոշեց կալանքի միջնորդություն կազմի»,-ասաց փասատաբանն ու հավելեց, որ մայիսի 1-ից մինչ օրս արդեն 4-5 անգամ Գերասիմ Վարդանյանը ԱԱԾ է կանչվել նույն գործի շրջանակում։  

Գերասիմ Վարդանյանի կալանավորման միջնորդության քննարկումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին: Նախագահող դատավորն է Դավիթ Արղամանյանը։

Մարինե Խառատյան