Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, նրա կինը, դուստրերը, քենին և ռուսաստանաբնակ բաջանաղը անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, նրա կինը, դուստրերը, քենին և ռուսաստանաբնակ բաջանաղը անցնում են  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
Իրավունք
11:21, 06 сентябрь 2022
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ու նրան փոխկապակցված անձինք՝ կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Մերի և Գոհար  Թովմասյանները, ինչպես նաև սույն գործվ այլ անձինք՝ քենին՝ Սոնա Խուդավերդյանը, ու նրա ամուսինը՝ ՌԴ-ում բնակվող գործարար  Ռուբիկ Ղազարյանը,  հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հիշյալ անձինք դատախազության վերոհիշյալ վարչություն պետք է ներկայանան վաղը՝ սեպտեմբերի 7-ին։ 

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դեմ հեղափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին։ Ըստ դեռևս 2019-ին հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Հրայր Թովմասյանը  մեղադրվում է նրանում, որ նա 2010 թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի դրանից, Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Այս գործով մյուս ամբաստանյալը ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետն է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը։ Վերջինիս առաջադրված  մեղադրանքը ևս այս դրվագների վերաբերյալ է

Նշենք, որ Fip.am-ի կողմից Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն՝ խնդրո առարկա  տարածքը  2009-ից պատկանում է  Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քրոջը՝ Սոնա  Խուդավերդյանին, և վերջինիս ամուսնուն՝ Ռուբիկ  Ղազարյանին։ 

Վերջիններս, ըստ Հրայր Թովմասյանի, 1980-ականներից Հայաստանում չեն բնակվում։ Նրանք գրանցված են Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում։

Հատկանշական է, որ տարածքի առքուվաճառքի ժամանակ որպես վաճառողի լիազորված անձ հանդես է եկել հենց Հրայր Թովմասյանը։

Իսկ վաճառողը 131 քմ տարածքը Թովմասյանի բարեկամներին վաճառել է ընդամենը 3 մլն դրամով (մոտ 8 հազար դոլար)։ Այդ տարածքը 2012-2014 թթ. վարձակալել է «Նոտարական պալատը», որը վերահսկվում է արդարադատության նախարարության կողմից։ Պալատը 3 միլիոն դրամով ձեռք բերված տարածքի վարձակալության համար ամսական վճարել է 300,000 դրամ, այնինչ այն 2016-ի օգոստոսից վարձակալության է հանձնվել ամսական ընդամենը 85,000 դրամով։  

Այսինքն՝ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Նոտարական պալատը Հ. Թովմասյանի բաջանաղից այդ տարածքը վարձակալել է շուկայական արժեքից մոտ 3.5 անգամ թանկ։

Նշենք, որ սույն քրգործով  դատական վերջին նիստը նշանակված էր սեպտեմբերի 1-ին։ 

Ելենա Ազատյան