Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են
Իրավունք
14:32, 20 октябрь 2022
ԲԴԽ որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը:

«2022 թվականի հոկտեմբերի 17-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 7/58236222 և թիվ 7/58236222 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-4 և թիվ ԲԴԽ-100-Ո-Ք-5 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է


1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը»,-նշվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կալանավորվել է։

Հիշեցնենք, ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:

Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։

Էրիկ Ալեքսանյանի փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: