Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը 1-ական միլիոն գրավի դիմաց ազատ են արձակվել

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը 1-ական միլիոն գրավի դիմաց ազատ են արձակվել
Իրավունք
16:36, 01 декабрь 2022
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Մարտիրոսյանի, նոյեմբերի 23-ին Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Սամվել Հովսեփյանին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  վարչական ղեկավար Լևոն Առաքելյանին 1-ական միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշում է կայացրել։ 
Այս մասին Civic.am-ին հայտնեց Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Հասմիկ Մելիքյանը և Լևոն Առաքելյանը, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու ու պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:

Նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ ՔՕ 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով, իսկ նույն համայնքի Ներքին Կարմրաշուրթ բնակավայրի վարչական ղեկավարի նկատմամբ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 46-211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Սեպտեմբերի 29-ին էլ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի երկրորդ համարը՝ Սամվել  Հովսեփյանը, որը Բերդ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Սամվել Հովսեփյանը նույնպես մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։