Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է
Հասարակություն
18:41, 26 сентябрь 2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի հանգամանքները:


Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված  աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց  նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:


 Նախաքննությունը շարունակվում է :


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: