Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային քրեական հետապնդում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ
Իրավունք
15:32, 14 декабрь 2022
Ռ.Հ.-ն, 2002-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության (այսուհետ՝ Միություն) նախագահի պաշտոնը, Աճառյան փողոցի 35/31 հասցեի հողամասերը Միության համար իբր ոչ նպատակահարմար համարելու հիմքով՝ կամովին հրաժարվելու միջոցով, տրամադրել է Երևանի քաղաքապետարանին:

Միությունը զրկվել է տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, որից հետո Ռ.Հ.-ն  շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, Աճառյան փողոցի երեք հողամասերը հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել իր հետ փոխկապակցված անձանց՝ Երևանի քաղաքապետարանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված վերոնշյալ հողամասերը:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Աճառյան փողոցին հարող տարածքում՝ ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց հիմնադրելու նպատակով, Միությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է ընդհանուր 14,0 հա հողատարածք: Սակայն, Ռ.Հ.-ն,  օժտված լինելով Միության շահերը ներկայացնելու, պայմանագրեր կնքելու և լիազորագրեր տալու իրավասություններով, սեփականության իրավունքով Միությանը պատկանող՝ Աճառյան փողոցի 35/31 հասցեում գտնվող ընդհանուր 14 հա հողակտորից 0.3026 հա և 2.39295 հա (ընդհանուր՝ 26.955,5 քմ) հողակտորները, իր սեփականությունը դարձնելու նպատակով, 2014 թվականի նոյեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին և Միության անունից կամովին հրաժարվել է նշված հողակտորներից, իբր շինարարական աշխատանքների իրականացումը ոչ նպատակահարմար համարելու պատճառաբանությամբ։

Երևանի քաղաքապետի որոշումով՝ 26.955,5 քմ մակերեսով հողակտորը ճանաչվել է Երևան համայնքի սեփականություն և բաժանվել է 8985,35-ական քմ չափերով երեք հավասար մասերի, որոնց, որպես առանձին գույքային միավորների, համապատասխանաբար տրամադրվել են հասցեներ (Աճառյան 35/84, 35/85 և 35/86): Այնուհետև, Ռ.Հ.-ն շարունակելով հանցավոր մտադրությունը, դրդել է Երևանի քաղաքապետարանի գույքը տնօրինելու իրավասություն ունեցող, դեռևս քննությամբ չպարզված պաշտոնատար անձանց, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու եղանակով, հրապարակային ձևական աճուրդների միջոցով օտարել Աճառյան փողոցի 35/84, 35/85 և 35/86 հողամասերը իր հետ փոխկապակցված անձանց՝ Ա.Ս.-ին, Ս.Ս.-ին և Ա.Գ.-ին: