Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են պատասխանատու բանակում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, և անվտանգության ինչ կանոններ են սահմանված օրենքով ․Factor.am

Ովքեր են պատասխանատու բանակում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար, և անվտանգության  ինչ կանոններ են սահմանված օրենքով ․Factor.am
Իրավունք
21:50, 19 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհն, ըստ պետական մարմինների հրապարակած նախնական վարկածի,  ծագել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։ Կառավարության այսօրվա նիստին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց այն մասին, որ, ըստ նախնական վարկածի, օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին․ գրում է factor.am-ը։

Քննության առարկա է այն վարկածը, որ սպան փորձել է  վառարանի կրակը բենզինով թեժանցնել, որից հրդեհ է բռնկվել։  «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը» կարգավորում  է հրդեհային անվտանգության, դրա համար պատասխանատու զինվորականների, ջեռուցման և անգամ վառարաններից  օգտնվելու կանոնները։

Ըստ այդմ՝ վառարաններից օգտնվելու կանոնների կատարման նկատմամբ հսկողությունն անմիջականորեն դրված է վաշտի սերժանտի վրա։

Համաձայն օրենքի 152-րդ հոդվածի՝ վաշտի սերժանտը պարտավոր է հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, կրակմարիչ միջոցների ճիշտ պահպանմանը և վաշտի զինվորների ու սերժանտների կողմից հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը։

150-րդ հոդվածի համաձայն
 դասակի հրամանատարը պարտավոր է գիտենալ դասակում (խմբում) եղած սպառազինության և ռազմական տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց մարտական պատրաստությունը, հետևել սպառազինության,  ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անգամ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը։

Ստորև առանձնացրել ենք զինվորից մինչև հրամանատարական կազմ այն անձանց շրջանակը, ում վրա օրենքով դրված է հրդեհային անվտանգության պլանի մշակման և այդ կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտավորություն։

Օրենքի 91-րդ հոդվածքով սահմանվում են գնդի հրամանատարի պարտավորությունները


Ըստ այդմ՝ գնդի հրամանատարը  պարտավոր է հետևել զորանոցաբնակարանային ֆոնդի, այլ շենքերի ու շինությունների, գնդի տարածքի պահպանությանը, ճիշտ շահագործմանը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությանը գնդում։

Նույն օրենքի 100-րդ հոդվածի համաձայն գնդի հրամանատարի տեղակալը պարտավոր է ղեկավարել տեխնիկական կետերում, հավաքակայաններում, ենթակա պահեստներում հատուկ կառույցների սարքավորման և դրանք բնապահպանական սարքերով ու պահպանության տեխնիկական միջոցներով ապահովելու աշխատանքները, հակահրդեհային միջոցառումների կատարումը։

101-րդ հոդվածով սահմանվում է, որ գնդի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը  խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է իրեն ենթակա ծառայությունների գծով բոլոր տեսակի նյութական միջոցների և ջրի տեղափոխման ու մատակարարման համար, անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների և ծառայությունների հակահրդեհային պաշտպանության համար։

Թիկունքի գծով հրամանատարի տեղակալը պարտավոր է կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի, ջրմուղ-կոյուղու ցանցերի ու կառույցների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ շահագործումը և ժամանակին նորոգումը, զորանոցային-բնակարանային ֆոնդի ժամանակին նախապատրաստումը ձմռանը, գնդի տեղաբաշխման տարածքի, մերձակա ավտոճանապարհների կարգին վիճակում պահելը, ինչպես նաև թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը,  դրանք սարքավորել հրդեհային ազդանշանման միջոցներով, մշակել միջոցառումներ շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների նպատակահարմար օգտագործման ուղղությամբ և վերահսկել այդ պլանների կատարումը, հսկողություն իրականացնել վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների որակի, օգտագործման ճշտության և խնայողական ծախսման, դրանց հետ վարվելու անվտանգության պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև ամեն ամիս գնդի հրամանատարին զեկուցել ծախսերի լիմիտների օգտագործման արդյունքներ։

110-րդ հոդվածի համաձայն գնդի ծառայության պետը պարտավոր է հսկողություն իրականացնել ծառայության սպառազինության և ռազմական տեխնիկայի վրա, վառելանյութի և քսանյութերի խնայողաբար օգտագործման և ճիշտ գործադրման նկատմամբ, միջոցառումներ անցկացնել իր ծառայության գծով զինամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների հետ կապված պատահարների կանխման համար, պարզել դրանց պատճառները և միջոցներ ձեռնարկել վերացման համար, իրեն ենթակա ստորաբաժանումում և ծառայությունում հսկողություն իրականացնել հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ, ղեկավարել շրջակա միջավայրի պաշտպանության գծով անցկացվող միջոցառումները։

111-րդ հոդվածի համաձայն  գնդի ծառայության պետը իր մասնագիտության գծով իրավունք ունի անցկացնել զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայության և վիճակի հանկարծակի ստուգումներ,  դադարեցնել սպառազինության և տեխնիկայի շահագործումն այնպիսի թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք կարող են հանգեցնել պատահարների կամ դրանց շարքից դուրս գալուն, ինչպես նաև անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում: Հայտնաբերված բոլոր թերությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին ծառայության պետը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական պետին: Գնդի ինժեներական ծառայության պետի վրա հրդեհային անվտանգության մասին  դրված են նույն պարտականություններն, ինչ ծառայության պետի վրա։

123-րդ հոդվածի համաձայն` գնդի վառելիքի և  քսանյութերի ծառայության պետը պարտավոր է  վերահսկել վառելիքի և քսանյութերի ծախսը և միջոցառումներ անցկացնել գնդի ստորաբաժանումներում դրանց խնայողական օգտագործման համար, ամսական առնվազն մեկ անգամ գնդի պահեստում և ստորաբաժանումներում ստուգել վառելիքի, հատուկ հեղուկների առկայությունն ու որակը, ինչպես նաև ծառայության տեխնիկական միջոցների առկայությունն ու վիճակը, կազմակերպել ծառայության տեխնիկական միջոցների ճիշտ շահագործումը, վառելիքի, քսանյութերի, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների ընդունման, պահպանման և ստորաբաժանումների բացթողման աշխատանքը, ինչպես նաև լցակայանների աշխատանքը` ապահովելով հակահրդեհային միջոցառումների և անվտանգության պահանջների կատարումը։ 

130-րդ հոդվածով սահմանվում են գումարտակի  հրամանատարի  պարտավորությունները․
վերջինս պարտավոր  է գիտենալ գումարտակի ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան և ռազմամթերքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը, կանխել աղետները, վթարները, ռազմական տեխնիկայի վնասվածքները, միջոցառումներ անցկացնել, ինչպես նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի հետ աշխատելիս պարապմունքների, հրաձգության զորավարժությունների և աշխատանքի անցկացման ժամանակ իրականացնել անվտանգության պահանջների կատարման հսկողությունը, հետևել գումարտակին հատկացված բոլոր շենքերի և շինությունների վիճակին և ճիշտ շահագործմանը։

Հոդված 140-ի համաձայն  գումարտակի հրամանատարի` թիկունքի (մատակարարման) գծով տեղակալը պարտավոր է` կազմակերպել բոլոր բնակելի և ոչ բնակելի շենքերի ու շինությունների, զորանոցային գույքի և կահույքի ճիշտ օգտագործումն ու ժամանակին նորոգումը, գումարտակին կցված տարածքում հետևել կարգապահության պահպանմանը, գումարտակի թիկունքի ծառայությունների օբյեկտներում ստուգել հրդեհային անվտանգության պահանջների և շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների կատարումը։

Համաձայն  օրենքի 142-րդ հոդվածի վաշտի հրամանատարը պարտավոր է հետևել վաշտին հատկացված բոլոր շինությունների վիճակին ու ճիշտ շահագործմանը, վաշտին կցված տարածքը մաքուր պահելուն, ինչպես նաև վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, վարել վաշտի անձնակազմի հաշվառումը, միշտ ճշգրտորեն գիտենալ նրա քանակական կազմն ըստ ցուցակի, առկա և բացակա քանակները, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների առկայությունն ու վիճակը, ամիսը մեկ անգամ համեմատել վաշտի անձնակազմի և նյութական միջոցների հաշվառման տվյալները գնդի հաշվառման տվյալների հետ, ղեկավարել վաշտի տնտեսությունը: Վաշտի հրամանատարի տեղակալը ևս ունի հրեդեհային անվտանգության ոլորտում  հրամանատարի պարտականությունները։

Հոդված 148-ի համաձայն վաշտի հրամանատարի`
սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (ավագ տեխնիկը, վաշտի տեխնիկը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել պատահարները, սպառազինության, ռազմական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, դրանց պատճառների և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել վաշտի հրամանատարին, սպառազինության ռազմական տեխնիկայի գծով պարապմունքներ կամ աշխատանքներ կազմակերպելիս անձնակազմին հասցնել անվտանգության պահանջները և հասնել դրանց իրագործմանը, մեքենաների շահագործման, վերանորոգման, սպասարկման էվակուացման ժամանակ, հետևել անվտանգության կանոնների կատարմանը, հետևել վառելանյութի, քսանյութերի, պահեստամասերի և տեխնիկական այլ գույքի խնայողական օգտագործմանը։ Զինվորների վրա նույնպես դրված են  հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու պարտականություններ։ Շինությունների ջեռուցումը Օրենքը կարգավորում է նաև շինությունների ջեռուցման կարգը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում