Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն առաջիկայում կքննի Հռոմի ստատուտի սահմանադրականության հարցը

ՍԴ-ն  առաջիկայում կքննի  Հռոմի ստատուտի սահմանադրականության հարցը
Իրավունք
15:14, 31 январь 2023
ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 14-ին, ժամը 11-ին,  քննության կառնի 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։  Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  ՍԴ պաշտոնական կայքից։ Գործի դատաքննությունը գրավոր ընթացակարգով է,  գործով զեկուցող է  նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե  Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս հարցով  անցած տարեվերջին էր դիմել երկրի բարձր դատարանին, և  եթե ՍԴ-ն  առարկություններ չունենա՝ փաստաթուղթը  կվավերացվի։ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այն 2022թ. դեկտեմբերի 29-ի՝ Կառավարության նիստի օրակարգի հարցերից էր) հիմնավորման մեջ  մասնավորապես նշված է. «Ինչ վերաբերում է Կանոնադրության որոշ հոդվածների սահմանադրականությանը, կարևոր է փաստել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2004թ. որոշման (ՍԴ-ն խնդրո առարկա փաստաթուղթը 1995 թ. ընդունված  Սահմանադրությանը հակասող էր ճանաչել-խմբ.) կայացումից անցել է մոտ երկու տասնամյակ, որի ընթացքում տեղի են ունեցել ներքին և արտաքին հասարակական, քաղաքական և իրավական լրջագույն զարգացումներ, երկու անգամ փոփոխվել է ՀՀ Սահմանադրությունը, և Կանոնադրության դրույթների՝ Սահմանադրության համապատասխանության հարցն անհրաժեշտ է գնահատել նորովի՝ ի թիվս այլնի նաև հաշվի առնելով իրավական ընկալումների զարգացումները։ ...ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»:

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը  սույն փաստաթղթի սահմանադրականության հարցը որոշելու  գործընթաց սկսելու  հետ կապված  շաբաթներ առաջ հայտարարել էր.  «Անհրաժեշտ է այդ միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով ևս մեկ անգամ դիմել Սահմանադրական դատարան՝ 2018 թվականի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով»։  Ըստ նախարարի՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի՞ ենթարկվել։  «ՍԴ-ի կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք Միջազգային քրեական դատարանի իրավապահ գործիքակազմին ներգրավելու ենք, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները արդեն միջազգային ատյանները կարողանան քննել, և, անկախ նրանից, թե հակառակ կողմը այդ պայմանագրի անդա՞մ է, թե՞ ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել»,- հայտարարել էր նախարարը:

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանի իրավասության մեջ են մտնում  հետևյալ հանցանքները.
  • ցեղասպանություն
  • մարդկության դեմ հանցագործություններ
  • պատերազմական հանցագործություններ
  • ագրեսիա
Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն իրավունք ձեռք կբերի դիմելու Միջազգային քրեական դատարան ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, քանի որ կանոնադրության վավերացումից հետո ՀՀ տարածքում կատարված հանցագործությունները, որոնք նախատեսված են Կանոնադրությամբ, այդ թվում՝ նաև պատերազմական, ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը, ինչը կարող է կանխարգելիչ և զսպող միջոց հանդիսանալ ՀՀ հարևան թշնամի երկրների համար։ Դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները անգամ այն պարագայում, եթե Բաքուն չի վավերացրել սույն  փաստաթուղթը։

Սահմանադրական դատարանում գործի քննության ժամանակ գործադիրի ներկայացուցիչը լինելու է միջազգային դատարաններում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: 

Ի դեպ, Հայաստանը նախատեսում է կանոնադրությունը վավերացնել հետադարձ ուժով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։

Ելենա Ազատյան