Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի ներկայացուցիչը ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով նիստում միջնորդեց որպես 3-րդ անձ ներգրավել «Արարատբանկ» ԲԲԸ-ին

Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի ներկայացուցիչը ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով նիստում միջնորդեց որպես 3-րդ անձ ներգրավել «Արարատբանկ» ԲԲԸ-ին
Իրավունք
17:32, 17 март 2023
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով նիստը։

Գլխավոր դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանին և նրա դուստրերին պատկանող գույքն ու դրամական միջոցները չեն համապատասխանում նրանց եկամուտներին, դրանք ապօրինի են ձեռք բերվել և պետք է փոխանցվեն պետությանը։
Դատախազը պահանջում է նաև պետության օգտին բռնագանձել Սերժ Սարգսյանի հանգուցյալ կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հաշվեհամարին առկա գումարը՝ ավելի քան 90 միլիոն դրամ ավանդն իր տոկոսներով։

Նախորդ նիստում դատախազը նշել է, որ ՀՀ բռնագանձման են ենթակա Սերժ Սարգսյանի՝ «Արարատբանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 686 ՀՀ ավանդի ամբողջ գումարը, ինչպես նաև այդ ավանդի դիմաց կուտակված տոկոսները 2018 թվականից՝ 44 միլիոն 280 հազար 352 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Սաթենիկ Սերժի Սարգսյանից օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույքը բռնագանձել հօգուտ ՀՀ-ի, խոսքը քաղաք Երևան, Տերյան փողոց, 66 շենք, 64-րդ բնակարանի և Տերյան փողոց, 66 շենք, թիվ 39 հասցեի երկու տարբեր հանգրվանների մասին է։ 

Այսօրվա նիստում պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդեց որպես 3-րդ անձ ներգրավել «Արարատբանկ»-ին։
 «Քանի որ ներկայացվել է ոչ թե գումարի բռնագանձման պահանջ, այլ ավանդը բռնագանձելու պահանջ, ուստի խնդրում ենք դատարանից «Արարատբանկ» ԲԲԸ-ին ներգրավել սույն գործին՝ որպես պատասխանողի կողմում հանդես եկող, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ»,- ասաց Վահագն Գրիգորյանը։ 

Հայցվորն առարկեց այս միջնորդության դեմ։ Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պատասխանողի ներկայացրած միջնորդության վերաբերյալ առանձին դատական ակտ կայացնելու։