Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրականությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված իրավական աճպարարության մասին. ընդդիմությանն ԱԺ-ում ֆիասկո է սպասվում

Իրականությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված իրավական աճպարարության մասին. ընդդիմությանն ԱԺ-ում ֆիասկո է սպասվում
Իրավունք
09:58, 20 март 2023
Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի ու գործունեության դադարեցումը

ՀՀ Փաստաբանների պալատի (այսուհետ՝ նաև ՓՊ կամ Պալատ) անդամ Սեդա Սաֆարյանը 2022թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Փաստաբանների պալատում լրացրել է իրեն տրված ձևաթուղթ՝ խնդրելով իր փաստաբանական գործունեութան թիվ 116 արտոնագրի գործողությունը ժամանակավորապես դադարեցնել 2022թ. դեկտեմբերի 8-ից՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով: 
 
Սեդա Սաֆարյանի կողմից դիմումում դեկտեմբերի 8-ի նշումն ունեցել է երեք պատճառ. 

⦁    Որպեսզի երաշխավորված լինի այդ ժամկետից առաջ կամ հետո, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 15-ը՝ Պալատի խորհրդի նիստի հրավիրումը, քանի որ դեկտեմբերի 16-ից ինքը ՍԴ մասին օրենքի պահանջով ԱԺ-ում տված երդմամբ ստանձնելու էր ՍԴ դատավորի պարտականությունները. ասել է թե՝ Պալատն առնվազն կես ամիս՝ 15 օր, ժամանակ ուներ նիստ հրավիրելու ու Սեդա Սաֆարյանի դիմումը բավարարելու համար, և հնարավոր անակնկալների ռիսկը մինիմիզացված էր: Օրինակ, եթե տեսականորեն Սեդա Սաֆարյանը Պալատին դիմած լիներ իր նշած օրվանից՝ դեկտեմբերի 8-ից կամ 16-ից բառացիորեն մի քանի օր առաջ, իսկ Պալատը “պատճառաբաներ”, թե տեխնիկապես ու գործնականում հնարավոր չի եղել մինչ այդ Խորհրդի նիստ հրավիրելն ու դա աներ դեկտեմբերի 16-ից հետո, կպարզվեր, որ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրն ուժի մեջ է եղել նաև դատավոր լինելու պահին: Սեդա Սաֆարյանն ամեն ինչ նախատեսել և կատարել է առնվազն կես ամսվա ընթացքում Պալատի խորհրդի նիստ հրավիրելու գործնական հնարավորության համար: Ի դեպ, հանրային ծառայության անցնելու կապակցությամբ Սեդա Սաֆարյանի համար եկամուտների հայտարարագրի  լրացման գործընթացում մեր կողմից պաշտոնական հաղորդակցություն է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ, այդ հաստատությունից սիրալիրաբար մեզ կցվել է աշխատակից, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մեզ տրված խորհրդատվական մեկնաբանությամբ է նշվել, որ Սեդա Սաֆարյանի կողմից դատավորի լիազորությունների ստանձնման պահը դեկտեմբերի 16-ից է, երբ նա իր մեկ այլ գործընկերոջ հետ Ազգային ժողովում տվել է երդում, ինչպես որ դա ամրագրում է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքը: 

⦁    Որքան էլ Սեդա Սաֆարյանի կողմից պաշտոնի ստանձնման պահին ՍԴ մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետը միարժեք ճանաչում է Ազգային ժողովում նրա երդում տալը (2.Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնըստանձնում է սույն հոդվածի 1-ին մասում նշված երդումը տալուց հետո՝ անհապաղ,) ՍԴ-ում նա փոխարինելու էր Արևիկ Պետրոսյանին, ում լիազորություններն ավարտվում էին դեկտեմբերի 8-ին (նա այդ օրն ազատել է նաև Սահմանադրական դատարանի իր սենյակը): Թեպետ 5-րդ հոդվածի 2-րդ մասի շարունակությունը վերաբերելի չէր Սեդա Սաֆարյանին, նա իր դիմումում նախկին՝ փաստաբանական գործունեության դադարեցման այդ ժամկետը համապատասխանեցրել էր նաև վերոնշյալ օրենքի նշված կետի այդ հատվածին /2. (...) իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը:/ 


⦁    Որպեսզի մինչև դեկտեմբերի 8-ն ավարտեր փաստաբանական գործունեության բնագավառում իր վերջին գործերը, որոնցից մեկը եղել է 2004թ. Վարդենիս քաղաքում 16-ամյա աղջկա սպանության գործով ՄԻԵԴ կայացրած վճռի հիման վրա վերաբացված վարույթի շրջանակներում կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոքի ներկայացումը ՀՀ վերաքննիչ դատարան, ինչը Սեդա Սաֆարյանն արել է դեկտեմբերի 5-ին, ունենալով դրա համար բոլոր օրինական հիմքերն ու իրավունքը, ու դեռևս չլինելով լիազորությունները ստանձնած ՍԴ դատավոր: 

 Փաստաբանների պալատի անիրավաչափ որոշումը

ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը դեկտեմբերի 15-ին գումարում է Խորհրդի նիստ, որի ընթացքում ընդունում է թիվ 21/2-Ա որոշումը, որի 1-ին կետով Սեդա Սերյոժայի Սաֆարյանի դիմումը բավարարվում է հանրային ծառայության անցնելու հիմքով /ինչը նշանակում է, որ որպես փաստաբանական արտոնագրի դադարեցման ժամկետ նա պետք է ընդուներ դեկտեմբերի 16-ը, ինչպես օրենքն ու դրա մեկնաբանությունն են ցուցանում/, 2-րդ կետով նրա փաստաբանական գործունեության թիվ 116 արտոնագրի գործողությունը կասեցվում է 2022թ. նոյեմբերի 30-ից (դիմում ներկայացնելու օրվանից), ինչը բացարձակ անիրավաչափ է, 3-րդ կետով հանձնարարվում է Պալատի աշխատակազմի ղեկավարին որոշման մասին իրազեկել Սեդա Սերյոժայի Սաֆարյանին:  
Նկար 1. ՀՀ փաստաբանների պալատի 15.12.2022թ. 21/2-Ա որոշման հիմնավորումներում փաստաբանական արտոնագրի ժամանակավոր կասեցման հիմք է նշվել Սեդա Սաֆարյանի կողմից հանրային ծառայության անցնելը, որը, ինչպես նշվեց տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Նման հիմք ամրագրելու դեպքում Պալատի խորհուրդը պարտավոր էր կասեցման ժամկետ ամրագրել այդ հիմքով ենթադրվող պահը՝ դեկտեմբերի 16֊ը, մինչդեռ դա չի արել, իր որոշման մեջ որպես այդպիսի ժամկետ չի ամրագրել նաև Սեդա Սաֆարյանի կողմից դիմումում նշված օրը, և անհասկանալիորեն հետադարձ ուժ է կիրառել ակտի նկատմամբ ու կասեցման օր ամրագրել Պալատում դիմում ներկայացնելու օրը....

 
Նկար 2: ՀՀ փաստաբանների պալատի 15.12.2022թ. 21/2-Ա որոշման քաղվածքի երրորդ կետում նշվել է, թե Պալատի աշխատակազմը դեկտեմբերի 15-ից հետո պետք է Սեդա Սաֆարյանին տեղեկացներ, որ ինքը փաստաբան չի եղել նոյեմբերի 30-ից, ինչի մասին Սեդա Սաֆարյանը նոյեմբերի 30-ին կամ դեկտեմբերի 1-ին իմանալ չէր կարող, իսկ սա, համաձայնեք, չտեսնված բան է....

 
Ինչպես նկատելի է, Սեդա Սաֆարյանը և նրա վստահորդները դեկտեմբերի 15-ից հետո պետք է տեղեկացվեին ու կարող էին իմանալ, որ փաստաբանի արտոնագիրը կասեցվել է ավելի վաղ, քան Սեդա Սաֆարյանը նշել է իր դիմումում, ավելին, անթույլատրելի կերպով ակտին տալով հետադարձ ուժ՝ Պալատի խորհրդի որոշմամբ կասկածի տակ է դրվել դեկտեմբերի 5-ին ներկայացված վերաքննիչ բողոքի օրինականությունը, ավելին, խոչընդոտվել է փաստաբանի օրինական գործունեությունը, վստահորդների իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, որոնց մասին նրանք տեղեկացել են բավական ուշացումով: 
Ավելին, ի կատարումն Պալատի 15.12.2022թ․ թիվ 21/2-Ա որոշման՝ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի դեկտեմբերի 19-ի որոշմամբ է միայն փաստաբան Սեդա Սաֆարյանը ժամանակավորապես հանվել փաստաբանների ցուցակից, թեպետ այդ որոշումն էլ կարող էր կայացվել դեկտեմբերի 15-ով (հարց է ծագում, թե Փաստաբանների պալատի 2 որոշումների տրամաբանությամբ ինչ կարգավիճակ է ունեցել Սեդա Սաֆարյանը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 19-ը, որի մասին նա անգամ տեղյակ էլ չի եղել)... 

Նկար 3: Փաստաբանների պալատի նախագահի 2022թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ Սեդա Սաֆարյանի անունը հանվել է փաստաբանների ցուցակից... Ասել է թե՝ նա փաստաբանությամբ կամ այդ բնագավառում ԱՁ միջոցով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել չէր կարող կասեցված արտոնագրով, երբ նաև նրա անունն էր հանված փաստաբանների միասնական շտեմարանից:
 
Այս ամենը ցույց է տալիս, որ միանգամայն ողջամիտ ժամկետում Պալատին դիմած, բացատրելի հիմքերով գործունեության դադարեցման ժամետ մատնանշած Սեդա Սաֆարյանի թիկունքում կատարվել են հաշվարկված գործողություններ և ընդունվել են նորմատիվ ակտեր, որոնցից մեկով անիրավաչափ է դարձվել դեկտեմբերի 5-ին իրականացված փաստաբանական գործունեությունը, իսկ երկրորդով ապահովվել, որպեսզի Սեդա Սաֆարյանի անունը փաստաբանների կազմում լինի մինչև ընդհուպ դեկտեմբերի 19-ը, որքան էլ որ նրա արտոնագիրը կասեցվել էր նոյեմբերի 30-ից...

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորագրով նրա շահերի ներկայացուցիչը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ “01.02.2023թ. թիվ 01/02/111-2023 գրությունը վերացնելու և Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը կասեցնելու մասին 15.12.2022թ. որոշումը՝ որպես վարչական ակտ, այն է՝ հայցվորի փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման օր սահմանել վերջինիս կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ստանձնման օրը, մասնակի վերացնելու պահանջի մասին”: ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ռաֆաելի Ավագյանն այն վարույթ է ընդունել և հունիսի 8-ին նշանակել դատական նիստ: ՀՀ օրենսդրության պահանջներից աներկբա է, որ Փաստաբանների պալատի 15.12.2022թ․ թիվ 21/2-Ա որոշման 2-րդ կետը ճանաչվելու է ոչ իրավաչափ, և Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցման ժամկետ է ճանաչվելու դեկտեմբերի 16-ը, քանի որ Պալատի որոշման հիմքում դրվել է հանրային ծառայության անցնելու հիմքը, որը հենց այդ օրն է: 

Նկար 4: ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Սեդա Սաֆարյանի հայցն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի և հունիսին դատական նիստ է նշանակել Սեդա Սաֆարյանի պահանջով Պալատի խորհրդի որոշման իրավաչափության քննության համար: Աներկբա է, որ Պալատի խորհրդի որոշման 2-րդ կետն անիրավաչափ է ու ոչ մի դատարան այն պահել չի կարող:

     

Դեկտեմբերի 5-ի վերաքննիչ բողոքի շուրջ աճպարարությունը

Ինչպես նշվեց, անկախ Փաստաբանների պալատի անիրավաչափ որոշումից՝ 2022թ. դեկտեմբերի 5-ին դեռևս փաստաբան, դեռևս ոչ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը միանգամայն օրինական վերաքննիչ բողոք է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Քանի որ միայն Փաստաբանների պալատի նախագահի դեկտեմբերի 19-ի որոշմամբ էր որոշվել Սեդա Սաֆարյանին հանել փաստաբանների ցանկից, ի կատարումն դեկտեմբերի 15-ի որոշման, ու դեռ հարց է, թե երբ է ի կատար ածվել այդ որոշումը, այսինքն՝ որ օրվանից է Սեդա Սաֆարյանի անունը հանվել արտոնագրված փաստաբանների ցանկից, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորը դեկտեմբերի 21-ին ոչ թե Սեդա Սաֆարյանի վստահորդներին, այլ հենց նրան է տեղեկացնում բողոքի ձևական խնդրի մասին, այն է՝ նախկինում ուղարկված բողոքի հետ բացակայում է դրա՝ պատասխանող կողմին ուղարկված լինելու փաստը հավաստող Հայփոստի կտրոնը: Սեդա Սաֆարյանն այն ուղարկում է դեկտեմբերի 28-ին՝ ընդամենը շտկելով վերաքննիչ բողոքի դիտարկման համար անհրաժեշտ համարվող թերությունը: Ոչ ավելին: Իրավակիրառ պրակտիկայում ու օրենսդրորեն անգամ թերությունները շտկելու նպատակով բողոքների ու հայցադիմումների հետվերադարձի դեպքում դրանց դատարան մուտք լինելու օր է համարվում առաջին ժամկետը՝ դեկտեմբերի 5-ը, երբ Սեդա Սաֆարյանը բոլոր օրինական հիմքերն ունեցել է դա անելու համար: Այսինքն, նոր բողոք, որպես այդպիսին, չի բերվել:

2023թ. հունվարի 10-ին ՍԴ դատավոր Սաֆարյանն ինքն է ՍԴ աշխատակարգային նիստի օրակարգ մտցրել հարցը /նկատի ունենալով նաև իր նախկին ու նոր կարգավիճակի շուրջ ստեղծված խառնաշփոթը/, զեկուցել ու ներկայացրել դեկտեմբերի 28-ին կտրոնը Վերաքննիչ դատարան ուղարկելու հանգամանքը: ՍԴ նիստին մասնակցել են բոլոր դատավորները, և ինչպես Ժողովուրդ թերթին ՍԴ տրամադրած նիստի արձանագրության քաղվածքը բացահայտեց, դատավորների կողմից բարեվարքության խախտում ու կարգապահական վարույթ հարուցելու հիմք չի արձանագրվել:

Նկար 5. «Ժողովուրդ» թերթի հարցմամբ ՍԴ նախագահի ստորագրությամբ տրամադրվել է ՍԴ 10.01.2023թ. աշխատակարգային նիստի արձանագրության քաղվածք օրակարգի 2-րդ հարցի կապակցությամբ, որը նիստի օրակարգ է մտել հենց Սեդա Սաֆարյանի առաջարկով, զեկուցվել նրա կողմից, մասնավորապես դատավորներին է ներկայացվել Հայփոստի առաքանու կտրոնը դատարան ուղարկելու հանգամանքը: Նիստին մասնակցել են ՍԴ բոլոր անդամները, փաստաթուղթը հրապարակել է Ժողովուրդ թերթը: 
 
«Ձեռնարկատիրական գործունեության» անհեթեթ մեղադրանքը

Սեդա Սաֆարյանի դեմ քաղաքական արշավ սանձազերծած մի քանի ընդդիմադիր գործիչ ու փաստաբան, չհաջողելով նրան «ՍԴ դատավորի պաշտոն-փաստաբանական գործունեության» անհամատեղելիության կեղծ մեղադրանք վերագրելու հարցում, անցում է կատարել «ՍԴ դատավոր-ձեռնարկատիրական գործունեության» անհամատեղելիութան աճպարարությանը՝ այս անգամ էլ կառչելով այն հանգամանքից, որ Սեդա Սաֆարյանի անհատ ձեռնարկատիրության պետական գրանցումը կասեցվել է հունվարին: Ի դեպ, անհատ ձեռնարկատիրության կասեցումը նախատեսում է պետության հանդեպ 2022-ի հարկային բոլոր պարտավորությունների մարում, տարեկան հաշվետվության ներկայացում, որը բացառված է անել, երբ ֆինանսական տարին դեռևս ավարտված չէ: 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կայքում Սեդա Սաֆարյան անհատ ձեռնարկատիրոջ էջից ներբեռնված հայտարարությունը փաստում է, որ նա, ղեկավարվելով ՀՀ Հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածով, հայտարարություն է ներկայացրել հարկ վճարողի գործունեությունը 2022թ. դեկտեմբերի 16-ից անորոշ ժամկետով դադարեցնելու մասին:

Նկար 6: Սեդա Սաֆարյանի էլեկտրոնային ստորագրությունը պարունակող փաստաթուղթը վկայում է, որ նա հայտարությամբ դիմել է պետական մարմին հարկ վճարողի գործունեությունն իր պաշտոնի ստանձնման օրվանից դադարեցնելու համար: Այսինքն, բոլոր ապացույցներն առկա են, որ Սեդա Սաֆարյանն ԱՁ միջոցով փաստաբանության ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվելու բոլոր գործիքները կասեցրել է կամ մինչև պաշտոնի ստանձնումը (փաստաբանական արտոնագիր, աշխատակիցներին ազատել), կամ պաշտոնը ստանձնելու օրվանից (հարկ վճարողի գործունեություն):  
 
Մի կողմ թողնենք, որ ողջամիտ բացատրություն ու պատասխան չունի այն հարցը, թե հանրային ծառայության պաշտոնին զուգընթաց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու  մտադրություններ ունեցող որևէ մեկն ինչու պետք է դադարեցներ իր արտոնագիրը, հանվեր փաստաբանների ցանկից, մինչև դեկտեմբերի 16-ն ազատեր իր ԱՁ-ում աշխատողին՝ այդ ամենով հանդերձ չունենալով արտոնագրված գործունեության հնարավորություն ու գործիքակազմ, բայց դա իրականացներ, անհասկանալի է, թե որ ոլորտում: Այս ամենում բացառություն է վերջին փուլը՝ ԱՁ կասեցնելը, որը կարող էր տեղի ունենալ միայն նոր ֆինանսական տարվա սկզբին՝ նախորդ տարվա համար առաջացած բոլոր հարկային պարտավորությունները կատարելուց ու տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո, ինչը և արվել է ամենաառաջին ու սեղմ ժամկետում /ժամկետը մինչև մարտն է/:
Թերևս վերն ասվածի ապացույցն է 2023թ. հունվարի 17-ի դրությամբ հարկային մարմնի կողմից տրամադրված քաղվածքը Սեդա Սաֆարյանի հարկային բոլոր պարտավորությունների զրոյական լինելու մասին:

Նկար 7: Հարկ վճարողի անձնական հաշվի վերաբերյալ հարկային մարմնի կողմից Սեդա Սաֆարյանի վերաբերյալ տրված քաղվածքը վկայում է, որ 2023թ. հունվարի 17-ի դրությամբ Սեդա Սաֆարյան ԱՁ հաշվեհամարի վրա որևէ շրջանառություն չի եղել, որևէ հարկային պարտավորություն չի եղել ըստ ներկայացված տարեկան հաշվետվությունների, որից հետո միայն անորոշ ժամկետով կասեցվել է նաև ԱՁ գրանցումը: 
 
Եվ վերջինը. անշուշտ, ՀՀ Սահմանադրական դատարանի մասին, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքներն անհամատեղելի են ճանաչում անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելը հանրային ծառայության պաշտոնի հետ: Հայտնի խմբի իրավական աճպարարությունն այն է, որ վերջիններս, մի կողմ թողնելով անհատ ձեռնարկատիրության գրանցման կասեցման վերոնշյալ հանգամանքները, փորձում են այն նույնացնել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ: Մինչդեռ Անհատ ձեռնարկատիրոջ մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ «Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է»:

Այսպիսով, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ սանձազերծված քաղաքական արշավում շահարկվող բոլոր հանգամանքներն ու վերը բերված փաստերն ապացուցում են, որ նա, որպես անհատ ձեռնարկատեր, ինչպես օրենքն է պարտադիր պայմաններ առաջադրում, իր անունից, իր ռիսկով չի իրականացրել որևէ գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է: Ավելին, այն բնագավառում, որտեղ Սեդա Սաֆարյանը 1991թ.-ից իրականացնում է անհատ ձեռնարկատիրություն, մինչև ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելը նրա փաստաբանական արտոնագիրը կասեցվել է, ողբերգական սպանության բացահայտման գործով ներկայացված ու շահարկման առարկա դարձած վերջին բողոքը նրա կողմից ներկայացվել է մինչև դա, ինչի իրավունքն ունեցել է, ձեռնարկատիրական գործունեության իրականացման կասեցման կապակցությամբ պետական մարմին հարկ վճարողի գործունեության դադարեցման հայտարարությունը ներկայացրել է պաշտոնի ստանձնման օրվանից, իսկ հարկային մարմիններում նրա զրոյականացված պարտավորություններով հաշվետվությունները վկայում են, որ որևէ ձեռնարկատիրական գործունեություն ԱՁ֊ի հետ փոխկապակցված հաշիվներով չի իրականացվել:

Ասել է թե՝ Սեդա Սաֆարյանը չի համատեղել ՍԴ դատավորի լիազորությունները ո՛չ փաստաբանության, ո՛չ էլ անհատ ձեռնարկատիրության / ձեռնարկատիրական գործունեության հետ:


Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն