Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը դատի է տվել «Փաստինֆո» ՍՊԸ-ին

Տիգրան Ավինյանը դատի է տվել «Փաստինֆո» ՍՊԸ-ին
Իրավունք
13:33, 20 март 2023
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն (ANIF) և Տիգրան Ավինյանը քաղհայց են ներկայացրել «Փաստինֆո» լրատվական կայքի («Փաստինֆո» ՍՊԸ) դեմ՝ «պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների» մասին։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը Երևան քաղաքի դատարան է ներկայացվել ս.թ. մարտի 16-ին (դատավոր՝ Երեմ Եսոյան)։ 

Նշենք, որ հիշյալ կայքը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին հոդվածաշար է հրապարակել, որում մասնավորապես նշվում է, թե «Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է», «նա  Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF-խմբ.) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը», ինչի իրավունքը չունի, և բացի դրանից՝ նա աշխատավարձ է ստանում ANIF-ից։ Ի դեպ, ANIF-ից կայքի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Ավինյանը հիշյալ ՓԲԸ-ից աշխատավարձ չի ստանում։   

Նշենք, որ փոխքաղաքապետ նշանակվելուց հետո հոկտեմբերի 24-ին ներկայացված հայտարարագրում նշված եկամուտների  ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ավինյանի եկամուտները կազմել են 32,792,857.00 ՀՀ դրամ։  Մասնավորապես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 11,197,585.00 ՀՀ դրամ, որը վճարվել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եկամուտը կազմել է 5,183,271.00 ՀՀ դրամ։ Ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից։ Ինչպես տեսնում ենք՝ հայտարարագրում ANIF-ը, որպես աշխատավարձ վճարող կազմակերպություն,  նշված չէ։

Այս քաղհայցով փաստաբան Հարություն Հարությունյանի պարզաբանումները կներկայացնենք ավելի ուշ։  

Նշենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն ևս մեկ քաղհայց  «Փաստինֆո» ՍՊԸ-ի դեմ ավելի վաղ էր ներկայացրել՝ «գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին»: Այս գործով դատական առաջիկա նիստը նշանակված է մարտի 21-ին։

Հիշյալ ՓԲԸ-ի կողմից քաղհայցեր են ներկայացվել նաև «Հրապարակ», «168 ժամ» կայքերի դեմ։

Հ․Մ․