Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բժիշկն անհեթեթություն է համարում ՔԿ բաժնի պետի երեխայի համար իրեն առաջադրված մեղադրանքը, այդ թվում՝ դատաբժշկի եզրակացությունը

Բժիշկն անհեթեթություն է համարում ՔԿ բաժնի պետի երեխայի համար իրեն առաջադրված մեղադրանքը, այդ թվում՝ դատաբժշկի եզրակացությունը
Իրավունք
13:16, 18 май 2021
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։

Նշենք, որ 4-ամյա երեխայի մայրը Մանե Ռաֆայելյանը դեռևս մարտի 18-ին ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ում սրտաբան Կարեն Կուրդովը ծեծի է ենթարկել իր երեխային, երբ այցելել էին սրտի հետազոտություն անցնելու համար։ Երեխայի մայրը իր գրառումը հարապարկել էր նաև իր ամուսնու՝ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի ֆեյսբուքի էջում։ 

Երեխայի ծնողները միջադեպի հետ կապված Կենտրոնի ոստիկանություն էին դիմել, որտեղից էլ գործն ուղարկվել էր ՔԿ ՀԿԳ նախաքննության։ Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 4-ամյա փոքրիկն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության․ «Նշված օրը երեխան անհանգիստ է եղել և կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու և հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով․․․ բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն` չհեռանալու մասին»,-գրված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Civic.am-ի հետ զրույցում մանկական սրտաբան Կարեն Կուրդովը մեղադրանքը անհեթեթություն համարեց և շեշտեց, որ մեղադրանքը չի ընդունում․ «Երեխայի մոտ սրտի ախտորոշում հասկացողությունը եղել է երկու կամ երեք տարի առաջ, հարաբերական ախորոշում է եղել, բժշկի հսկողության տակ է գտնվել, այնուհետև ախտորոշվել է «առողջ սիրտ»։ Ինձ մոտ եկել են երկրորդ կարծիք ստանալու համար, այսինքն հաստատելու կամ հերքելու՝ «առողջ սիրտ» ախտորոշումը։ Նրանց մոտ կար եզրակացություն, որ բալիկը առողջ է և հանվել է հսկողությունից»,-ասաց նա։ 

Կարեն Կուրդովի փաստաբան Արման Թամրազյանն էլ նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, ծանոթացել են գործի նյութերին և դատաբժշկի կողմից տրված եզրակացությունը հիմնավոր չեն համարում՝ միջնորդություն են ներկայացրել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին․ «Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի նյարդաբանը կոնսուլտացիոն տեղեկանք է տվել՝ երեխայի մոտ ուղեղի ցնցում ախտորոշմամբ, դատաբժիշկը դա է հիմք վերցրել, սակայն տեղեկանքը տված նյարդաբանի անուն ազգանունը նշված չէ, առհասարակ այդ պատասխանը եզրակացությանը կցված չէ։ Անհասկանալի է, թե այդ նյարդաբանը այդ եզրահանգման գալիս ի՞նչ հետազոտությունների վրա է հիմնվել։ Դրա մասին որևիցե նշում եզրակացությունը չի պարունակում և հիմքերից մեկը կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու հենց դա է։ Մենք գտնում ենք, որ դատաբժշկի եզրակացությունը հիմնավորված չի և կասկած է հարուցում»,-նշեց փաստաբանը։  

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության 4-ամյա երեխան ի ծնե սրտի առողջական խնդիր ունի, սակայն Արման Թամրազյանի խոսքով՝ գործում նման բժշկական փաստաթուղթ առկա չէ։ 

Նրա խոսքով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը նախաքննության փուլում ցուցմունք չի տվել, իսկ ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ որպես պապիկ թեթև ապտակ է հասցրել երեխային։ 

Ինչ վերաբերում է երեխայի ծնողների տված ցուցմունքին՝ Արման Թամրազյանն ընդգծեց, որ 4-ամյա երեխայի ծնողները հայտարարության մեջ նախ նշել են, որ ծեծի է ենթարկել բժիշկը, բայց հետագայում գրել են, որ մեկ հարված է հասցվել երեխային։ 

Նարա Մարտիրոսյան