Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022-ին կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, ինչը պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ․ դատախազ

2022-ին կոռուպցիոն հանցագործությունները նվազել են, ինչը  պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ․ դատախազ
Իրավունք
12:56, 21 апрель 2023
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց դատախազության 2022-ի գործունեության հաղորդումը։ Դատախազի խոսքով՝ 2022-ին Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1 858 դեպք (2021-ի՝ 1 924-ի դիմաց)։ Դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով։ 

«Նվազումը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի նվազմամբ։ 2022-ին աճել են կաշառք տալու, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը։ 2021-2022 թվականների վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է կոռուպցիոն հանցագործությունների աննշան նվազման մասին»,- նշեց Աննա Վարդապետյանը։ 

Վերջինիս խոսքով՝ 2022-ին կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է շուրջ 2 մլրդ 222 մլն դրամ, վերականգնվել է 873 մլն դրամը։ 2022 թվականին դատարաններում քննվել ու ավարտվել է կոռուպցիոն բնույթի 99 գործ։

ՀՀ գլխավոր դատախազը նաև նշեց, որ պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։