Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը այս տարվա հունվար-հունիս ամիսներին աճել են, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ նվազել

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը այս տարվա հունվար-հունիս ամիսներին աճել են, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ նվազել
Հասարակություն
11:07, 09 август 2022
ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակաշրջանում աճել է գրանցված հանցագործությունների թիվը։ Այս մասին Civic.amտեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից։ Եթե նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել էր 13 հազար 792 հանցագործություն, ապա այս տարվա հունվար-հունիսին՝ 17 հազար 5 դեպք, այդ թվում՝ ոչ մեծ ծանրության՝ 10 հազար 344, միջին ծանրության՝ 4 230, ծանր՝ 2 248, առանձնապես ծանր՝ 183 դեպք։ Նկատենք, որ, ի թիվս այլ հանցագործությունների, աճել են մասնավորապես պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ նախորդ տարվա 1 327-ի դիմաց 1 535 դեպք։ 
 
Մարդու դեմ ուղղված հանցագործություններից մասնավորապես սպանության դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են՝  29 դեպքի դիմաց 22 դեպք։ Սպանության փորձի դեպքերը նույնպես նվազել են՝ նախորդ տարվա 28 դեպքի դիմաց այս տարի գրանցվել է 23 դեպք։ 

Աճել են մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործությունները՝ 2 431 դեպք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 1 331 դեպքի դիմաց։ Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 37 դեպք 55 դեպքի դիմաց, որից մասնավորապես բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքերն են աճել.  այս տարի՝ 10  դեպք  նախորդ տարվա 7 դեպքի դիմաց։   
 
Հաշվետու ժամանակաշրջանում պաշտոնեական լիազորությունները  չարաշահելու և  անցնելու 179 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 166 դեպքի դիմաց։ Գրանցվել է կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության 134 դեպք՝  նախորդ տարվա 127 դեպքի դիմաց, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 41 դեպք՝ նախորդ տարվա 17 դեպքի դիմաց։ 

Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը նույնպես աճել է՝ 1 181 դեպք նախորդ տարվա 1 017 դեպքի դիմաց։  Հանցագործությունների ընդհանուր քանակից նվազել են  կոռուպցիոն բնույթի հանցագործությունները. եթե նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել էր այդպիսի հանցագործության 465 դեպք, ապա այս տարի՝ 422 դեպք։

Հունվար-հունիսին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) 6 դեպք է արձանագրվել, առևտրային կաշառքի՝ 1, ապօրինի հարստացման՝ 1, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 90, պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 47, կաշառք ստանալու՝ 39, պաշտոնեական կեղծիքի՝ 44, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու  կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու 5 դեպք։ 

Հունվար-հունիսին քրեական պատասխանատվության (հետապնդման) ենթարկված անձանց  թվաքանակը և նրանց վերաբերյալ դատարան ուղարկված գործերի  համամասնությունն այսպիսին է.  մասնավորապես,  պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝  122, որոնցից 50-ի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան, ապօրինի հարստացման 1 դեպք, 1-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, կաշառք ստանալու 37 դեպք, 37-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, պաշտոնեական կեղծիքի 159 դեպ, 54-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, իշխանությունը չարաշահելու,  իշխանազանցության  կամ իշխանության անգործության 1 դեպք, 1-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։  Հաշվետու ժամանակաշրջանում քրեական հետապնդման է ենթարկվել 517 հոգի, որոնցից   216-ի վերաբերյալ գործերն ուղարկվել են դատարան։ 

Մայրաքաղաք Երևանում հունվար-հունիսին արձանագրվել է  հանցագործության 9 387 դեպք՝ նախորդ տարվա 7 245 դեպքի դիմաց։ Մարզերում ևս հանցագործությունների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ։  Պատկերն այսպիսին է. մասնավորապես,  Լոռիում՝ 1 162  դեպք, Կոտայքում՝ 1 290, Արմավիրում՝ 1 132, Արարատում՝ 1 031,  Շիրակում՝ 709 դեպք։   Ամենաքիչ հանցագործություն արձանագրվել է Վայոց ձորում՝ 150 դեպք։ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ  հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել  նախորդ տարվա  համեմատ. 2021-ի հունվար-հունիսին այս մարզում 184 դեպք էր արձանագրվել։ 

Ե. Ազատյան