Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նվազել է

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը ՀՀ-ում նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նվազել է
Հասարակություն
11:31, 12 май 2022
Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում  գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Ըստ այդմ՝ 2021թ. հունվար-մարտին  գրանցվել է  6 431, 2022թ. հունվար-մարտ ամիսներին՝  7 418 հանցագործություն։  2022 թ.  հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործության 4 358, միջին ծանրության՝ 1 933, ծանր հանցագործության՝ 1 047, առանձնապես ծանր հանցագործության՝ 80 դեպք։  Նկատենք, որ նախորդ տարվա համեմատ  առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է. նախորդ տարի արձանագրվել էր այդպիսի հանցագործության 99 դեպք։  

2021 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի աճել  է մասնավորապես պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝  7500 դեպք՝  նախորդ տարվա 488 դեպքի դիմաց։  Մասնավորապես, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու 88 դեպք է արձանագրվել՝  նախորդ տարվա 68 դեպքի դիմաց,  իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 19  դեպք է արձանագրվել՝  նախորդ տարվա 10 դեպքի դիմաց, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 598 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա  316 դեպքի դիմաց։  Նկատենք, որ նվազել  են կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը.  45 դեպք այս տարի է արձանագրվել, նախորդ տարի նույն ժամանակաշրջանում ՝  94  դեպք։ Նշենք նաև, որ հանցագործությունների ընդհանուր քանակից կոռուպցիոն բնույթի հանցագործությունները նույնպես նվազել են. նախորդ տարի արձանագրվել էր 251, այս տարի՝ 179 դեպք։ 

ԱՎԿ-ի տվյալներով՝ աճել է  Երևանում  և ՀՀ գրեթե բոլոր  մարզերում գրանցված հանցագործությունների քանակը։ Մասնավորապես, մայրաքաղաքում  նախորդ տարի հունվար-մարտին  արձանագրվել է  3 283, այս տարի՝ 3 761 դեպք։  Արարատում արձանագրվել է 512, Արմավիրում՝ 551, Գեղարքունիքում՝ 379,    Լոռիում՝ 526, Կոտայքում՝ 541, Շիրակում՝ 324, Սյունիքում՝ 233, Տավուշում՝ 262 դեպք։  Նշենք, որ մարզերից միայն Վայոց ձորում է, որ նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ նվազել են  գրանցված հանցագործությունները՝   այս տարի 72 դեպք է արձանագրվել՝  նախորդ տարի արձանագրված  92 դեպքի դիմաց։