Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը

Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Հասարակություն
11:30, 28 апрель 2024
2024 թ․ ապրիլի 27-ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի ֆեյսբուքյան էջը:

Ա․ Ղազարյանը ծնվել է 1958 թ․ Մոսկվայում հայ նշանավոր բանաստեղծ և գրականագետ Պարույր Սևակի և թարգմանչուհի Նելլի Մենաղարաշվիլիի ընտանիքում։ 1975-1980 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1983 թ․ ավարտել է ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի։ Մինչև 2023 թվականը հայ նորագույն գրականություն է դասավանդել հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։ 1990 թ․ պաշտպանել է ատենախոսություն «Դ. Դեմիրճյանի պատմագեղարվեստական ստեղծագործությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ա․ Ղազարյանը հեղինակ է Դ․ Դեմիրճյանի, Վ․ Դավթյանի, Պ․ Սևակի ստեղծագործությանը վերաբերող բազմաթիվ հոդվածների։ Կազմել և հրատարակել է Պարույր Սևակի անտիպ երկերն ամփոփող մի շարք ժողովածուներ։

1990-ական թվականներից Արմեն Ղազարյանը կրթական, գիտական և կազմակերպչական ղեկավար աշխատանք է կատարել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ակադեմիայում։ Ոստիկանության գնդապետ էր։

«Արմեն Ղազարյանը հրաշալի գործընկեր էր, բարի և սիրված դասախոս։ Նա նաև ընտանիքի օրինակելի հայր էր, Պարույր Սևակի տոհմի պահապանն ու շարունակողը։

Ամբիոնի, հայ բանասիրության ֆակուլտետի և մայր բուհի անունից ցավակցում ենք մեր սիրելի գործընկերոջ հարազատներին, տիկնոջը և որդիներին», - նշված է գրառման մեջ։