Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը նվազել են․ ՀՀ-ում հունվար-փետրվար ամսիներին աճել է հանցագործությունների քանակը

Կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը նվազել են․ ՀՀ-ում հունվար-փետրվար ամսիներին աճել  է հանցագործությունների քանակը
Հասարակություն
12:44, 13 апрель 2022
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել  է 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին գրանցված հանցագործությունների քանակն ըստ հանցատեսակների։  Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝  մասնավորապես պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ 2021-ին գրանցվել է 272, այս տարի՝ 298 դեպք։ Մասնավորապես պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և անցնելու 47, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 11, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 211 դեպք է գրանցվել։ Նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նկատելիորեն նվազել են  կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերը։ Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է նշված  հանցագործությունների 29 դեպք, մինչդեռ նախորդ տարի նման հանցագործությունների 56 դեպք է արձանագրվել։ 

Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ նախորդ տարվա 529-ի դիմաց այս տարի արձանագրվել է 710 դեպք։ Մասնավորապես սպանության 4, սպանության փորձի 2, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 1, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու  114, մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործությունների  581 դեպք է արձանագրվել։  Նվազել են  սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝  հունվար-փետրվարին արձանագրվել է նման հանցագործւթյան 8 դեպք՝ նախորդ տարվա 16 դեպքի դիմաց։ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը նույնպես նվազել են՝ հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է 215 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 235 դեպքի դիմաց։ 

Նվազել են նաեւ տնտեսական հանցագործություններից մասնավորապես փողերի լվացման դեպքերը՝ հունվար-փետրվարին ընդամենը 1 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 3 դեպքի դիմաց։ 

ՀՀ-ում հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է հանցագործությունների ընդհանուր 4 275 դեպք՝ 2021 թվականի 3 884 դեպքի դիմաց։ Գրանցված հանցագործությունների քանակն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի ունի հետեւյալ պատկերը՝ 2022-ին Երեւանում հունվար-փետրվարին արձանագրվել է 2 295 դեպք՝ 2021-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 2 209 դեպքի դիմաց։ Երեւանից հետո ամենաշատ հանցագործություններն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 317 դեպք՝  նախորդ տարվա 206 դեպքի դիմաց։ 

Արմավիրին հանցագործությունների թվով հաջորդում են Կոտայքի մարզը՝ 307 դեպք, Արարատի մարզը՝ 279 դեպք, Լոռու մարզը՝ 256 դեպք։

Հունվար-փետրվարին ամենաքիչ թվով հանցագործությունների դեպքերն արձանագրվել են Վայոց ձորում՝ 29 դեպք՝ նախորդ տարվա 40 դեպքի դիմաց։

Հ․Մ․