Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամփոփվել են Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվել են Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները
Հասարակություն / Իրավունք
20:20, 17 февраль 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով եղել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի դատախազություններում: 

Գլխավոր դատախազին են ներկայացվել 2022 թվականի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ մարզերում գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև կատարված վերլուծություններով վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանի

տեղեկացմամբ, 2022 թվականի ընթացքում մարզում գրանցվել է հանցագործության 2 հազար 519 դեպք (2021 թվականին՝ 2 հազար 428): 132 դեպքով կամ 18,9%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունների դեպքերը, 68 դեպքով կամ 18,1%-ով նվազել են ծանր հանցագործությունների դեպքերը, ինը դեպքով կամ 45%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Մարզի դատախազի խոսքով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի 18,9% աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելը ՀՀ քրեական նոր օրենսգրքով դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին։ Ծանր հանցագործությունների դեպքերի 18,1% նվազումը պայմանավորված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների (նվազել է 7 դեպքով կամ 58,3%-ով) և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողությունների (նվազել է 61 դեպքով կամ 32,3%-ով) դեպքերի նվազմամբ: Առանց հանկարծամահության դեպքերի հաշվառման՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են մեկով կամ 5%-ով, ինչը պայմանավորված է սպանության փորձերի դեպքերի նվազմամբ։
2022 թվականի ընթացքում Կոտայքի մարզում 241 դեպքով կամ 18,8%-ով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը  (2022 թվականին գրանցվել է 1040 դեպք, 2021 թվականին` 1281): 

2022 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից  պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 7 հայց՝ ընդհանուր 52 մլն 901 հազար 202 դրամի չափով. բոլոր հայցերը գտնվում են դատաքննության փուլում:

Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանի խոսքով՝ 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 289 դեպք (2021 թվականին` 329). դեպքերը նվազել են 40-ով, կամ 12,2%-ով, բացահայտումը կազմել է 41,0%՝ նախորդ տարվա 63,2%-ի դիմաց: 

Մարզի դատախազն իր զեկույցում անդրադարձել է դատարաններում քրեական գործերի քննության տևողությանը և տեղեկացրել, որ Արագածոտնի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դատարանում քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճված քրեական գործերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ գործերի քննության ձգձգումները՝ որպես կանոն, կապված են եղել հանրային պաշտպանների՝ այլ գործերով ծանրաբեռնված լինելու, գործով անցնող վկաների և տուժողների կողմից տարբեր պատճառաբանություններով պարբերաբար դատական նիստերին չներկայանալու և փորձաքննությունների կատարման ժամկետների հետ:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: