Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3 տոկոսով. ՀՀ փոխոստիկանապետ

2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3 տոկոսով. ՀՀ փոխոստիկանապետ
Հասարակություն
12:25, 18 март 2022
«2021 թվականի ընթացքում ոստիկանությունը, ունենալով գերծանրաբեռնված օրակարգ, այդուհանդերձ կատարել է իր առջև դրված խնդիրները։ Ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3 տոկոսով կամ 3777 դեպքով, 2020 թվականի ընթացքում՝ 26 468 դեպք, 2021 թվականի ընթացքում՝ 30 245 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների աճով»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության և բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման և  խուլիգանության դեպքերը։ Միևնույն ժամանակ աճել են սպանությունների, սպանության փորձի, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոց փախցնելու դեպքերը։ 

«Արձանագրված 30 245 դեպքերից 84,1 տոկոսը ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործության դեպքեր են։

Հանցագործությունների աճի զսպման ուղղությամբ արդեն իսկ տրվել են հանձնարարականներ՝ իրականացնել հստակ գործողություններ և կանխարգելիչ ու օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք, ըստ երկու ամիսների տվյալների, արդեն իսկ տվել են դրական արդյունքներ։ Նշեմ, որ դեռևս 2020 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման ժամանակ 2021 թվականը հայտարարվել է ապօրինի զենքի և զինամթերքի շրջանառության դեմ պայքարի տարի, և այս առումով հատկանշական է, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում 73-ով կամ 11,4 տոկոսով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառման դեպքերի հայտնաբերման թիվը»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։