Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա․ Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործի շրջանակներում հարցաքննելու անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Սասուն Խաչատրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Չգիտեմ, քննիչը ծանուցումը ուղարկել է, թե չէ, բայց կարծում եմ, որ Արսեն Թորոսյանին հարցաքննելու անհրաժեշտություն կա»,- ասաց Խաչատրյանը։

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործի շրջանակներում կալանավորվել էր 2020-2022 թվականների Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, որն այժմ ազատ է արձակվել, «Մեդլայն» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը և «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: