Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի գործը դատարանում է, նիստը կկայանա առաջիկա օրերին

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայողի գործը դատարանում է, նիստը կկայանա առաջիկա օրերին
Իրավունք
16:41, 06 июнь 2023
Հայաստանի սահմանն ապօրինի հատած ու ԶՊՄԿ-ի աշխատակցի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի գործը վարույթ է ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կողմից։

Առաջին դատական նիստը նշանակված է հունիսի 9-ին։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Ադրբեջանի զինծառայող Հուսեյին Ախունդովը մեղադրվում է իր զինծառայակից Ագշին Բաբիրովի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից դիտավորությամբ Հայաստանի սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով հրազեն ու ռազմամթերք տեղափոխելու, դրանք ապօրինի պահելու համար։ Բացի նշված արարքներից, Հուսեյին Ախունդովը մեղադրվում է նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին կյանքից զրկելու համար: Ըստ մեղադրանքի՝ ադրբեջանցի զինծառայողը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակցի ուղղությամբ։ 

Հուսեյին Ախունդովը մտադիր է եղել Հայրապետ Մելիքսեթյանի ավտոմեքենայով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու միջոցով տեղափոխվել Իրան, ինչը նրան չի հաջողվել։ Այնուհետև նա հափշտակել է Հ. Մելիքսեթյանի դիակի կողքին ընկած բջջային հեռախոսը և, հեռանալով դեպքի վայրից, նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով.

 «Փառք մեզ ստեղծած Ալլահին: Եկել մխրճվել ենք Հայաստանի մեջ: Հայերին ստիպել ենք արյուն կուլ տալ: 400-500 հայի գլուխ ենք կտրել: Հիմա դեռ ողջ ենք, չենք մահացել: Տա՜ Ալլահը, չենք մահանա: Եթե մահանանք էլ, թող բոլորը իրենց իրավունքը մեզ հալալ անեն: Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքը բարձր պահողն ենք», ինչից հետո հափշտակված բջջայինով տեսաուղերձը հրապարակել է սոցիալական ցանցի իր էջում:

Հիշեցնենք, որ Հուսեյին Ախունդովը և Ագշին Բաբիրովը Հայաստանի սահմանը հատել են ապրիլի 7-ին։

Ագշին Բաբիրովի գործը ևս վարույթ էր ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի կողմից։ Նա դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման։
 
Նարա Մարտիրոսյան