Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ղարաբաղի բնակիչների համար սահմանը կանոնակարգված չէ»․ Ալկոհոլի ազդեցության տակ սահմանը հատած Ռաշիդ Բեգլարյանն արդեն 1 շաբաթ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանում, թեև նրան մեղադրանք առաջադրված չէ

«Ղարաբաղի բնակիչների համար սահմանը կանոնակարգված չէ»․ Ալկոհոլի ազդեցության տակ սահմանը հատած Ռաշիդ Բեգլարյանն արդեն 1 շաբաթ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանում, թեև նրան մեղադրանք առաջադրված չէ
Իրավունք
19:00, 07 август 2023
Ինչպես արդեն հաղորդել էր ԼՂ ԱԱԾ-ն, օգոստոսի 1-ին 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի  գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: 

Ռաշիդ Բեգլարյանն արդեն 1 շաբաթ ապօրինաբար գտնվում է Ադրբեջանում, թեև նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ․ ամեն դեպքում, ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն չկա այդ մասին։  

Այս առնչությամբ հայտնելով իր տեսակետը՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասաց, որ ադրբեջանցիները, ամենայն հավանականությամբ, Ռաշիդ Բեգլարյանի ձերբակալումը կներկայացնեն որպես սահմանի անօրինական հատում՝ կամ դուրս գալիս, կամ ներս գալիս, նրան մեղադրանք կառաջադրեն, բայց սահմանից ելումուտը պետք է կանոնակարգված լինի։

«Հիմա Ղարաբաղի բնակիչների համար դա կանոնակարգված չի, և դա պետք է ընդհանուր բանակցությունների մաս դառնա։ Այսինքն՝ Քրեական օրենսգրքի իմաստով կասի՝ անօրինական է, որովհետև անկանխատեսելի կարգավորում են առաջարկում Ղարաբաղի բնակիչների համար։ Իր համար կանխատեսելի չի, որ մոտենա ուղեկալին, ուղեկալով անցնի՝ դա անօրինական կհամարվի՞, թե՞ չի համարվի։ Բայց գոնե հիմա հարազատներին զանգելու հնարավորություն պետք է տրամադրվեր նրան։ 72 ժամվա մեջ օտարերկրյա քաղաքացու հարազատին պետք է տեղեկացվի նրա ձերբակալման մասին»,- ասաց Արա Ղազարյանը։  

Այնուհետև նա նշեց, որ բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքեր օբյեկտիվորեն չեն կարող առաջադրել, որովհետև հայտնի չէ՝ ինքը անօրինակա՞ն է սահմանից դուրս եկել, մտադրություն ունեցե՞լ է, թե՞ չէ, միգուցե մոլորվել է, այդ ամենը պետք է իրենք պարզեն։

«Եթե ազատությունից զրկված է, իսկ ինքը ազատությունից զրկված է, միանգամից պետք է քրեական դատավարությունն աշխատի։ Եթե մենք ավելի խորանանք նախադեպային իրավունքով, դեռ Սարիբեկյանի գործով ԵԴ-ն սահմանել է, որ Ադրբեջանը պետք է համագործակցի Հայաստանի իշխանությունների հետ, եթե Հայաստանի քաղաքացու վերաբերյալ է խոսքը։ Իսկ ես վստահ եմ՝ ինքը Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի, Ադրբեջանը պետք է Հայաստանի հետ համագործակցի, երկրորդ՝ պետք է զանգի հնարավորություն տա, բայց այս ամբողջը սովորաբար Ադրբեջանը չի անում»,- եզրափակեց Արա Ղազարյանը։ 

Լիլիթ Թադևոսյան